Փոփոխվել է «Ուսուցչի գործունեություն սկսելու և դադարեցնելու կանոնները հաստատելու մասին» կարգը։ Փոխանցում է batumelebi.netgazeti.ge-ն։
Ըստ փոփոխության՝ ուսուցիչ նշանակվելուց առաջ անձը պետք է հարցազրույց անցնի հինգ հոգուց կազմված հանձնաժողովի կողմից։
«Հանձնաժողովի անդամների, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի թիվը և կազմը սահմանում է դպրոցի տնօրենը՝ հաշվի առնելով ուսուցչի թափուր պաշտոնի առանձնահատկությունները, բայց ոչ պակաս, քան երեք անդամ, իսկ հանրակրթական դպրոցների դեպքում՝ հինգ անդամից ոչ պակաս»,- ասված է հրամանում։
Նոր կարգի համաձայն՝ հանձնաժողովի անդամները պետք է լինեն անկախ հրավիրված մասնագետներ, իսկ հանրակրթական դպրոցի հանձնաժողովի անդամը պետք է լինի նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարության ոլորտային բաժնի ներկայացուցիչ, ինչպես նաև ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ, Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչ, Ուսուցիչների մասնագիտական միության ներկայացուցիչ։
Նշենք, որ նախկին կարգով դպրոցը պարտավորություն չի ունեցել հանձնաժողովում ունենալ նախարարության կամ ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ։
Տնօրենն ինքը կարող էր որոշել հանձնաժողովի անդամների կազմը։ Սակայն նոր կարգի համաձայն՝ տնօրենը պարտավորվելու է հանձնաժողովի կազմում ընդգրկել կրթության նախարարության ներկայացուցչին։ aliq.ge