Ղրիմի-Կոնգոյի դեպք Ասպինձայում. տենդը կարող է լինել մահացու

Ղրիմի-Կոնգոյի դեպք Ասպինձայում. տենդը կարող է լինել մահացու

Ասպինձայի շրջանում գրանցվել է Ղրիմի-Կոնգո հեմոռագիկ տենդի հինգերորդ դեպքը։ Այդ մասին տեղեկություն է տարածում «Հարավային դարպասը»։

Վիրուսային հիվանդությունը հայտնաբերվել է մինչև 40 տարեկան տղամարդկանց մոտ։

«Ղրիմ-Կոնգո հաստատվել է մինչև 40 տարեկան տղամարդու մոտ, նրան տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց։ Դեպքը հաստատվել է երեկ, սակայն մինչ այդ նա հոսպիտալացվել է»,- ասել է Ասպինձայի հանրային առողջության կենտրոնի ղեկավար Մզիա Պապաշվիլին։

Վարակի տարածման աղբյուրը տզերն են, որոնք մակաբուծվում են կենդանիների վրա: Այս տենդը մարդուց մարդուն հազվադեպ է փոխանցվում:

«Ղրիմ-Կոնգո» տենդը սուր, ծանր ընթացքով հիվանդություն է: Արտահայտվում է տենդով, ինտոքսիկացիայով (թունավորում), մաշկի ու ներքին օրգանների արյունազեղումներով: Հիվանդությանը բնորոշ է երկալիք տենդը: Գաղտնի շրջանը 1-14 օր է:

Հիվանդության առաջին փուլում ջերմությունը բարձրանում եւ կարճ ժամանակահատվածում հասնում 39-40C եւ բարձր: Սկսվում է գլխացավ, դող: Առաջանում են ընդհանուր թուլություն, մկանացավեր, հոդացավեր, սրտխառնոց, փսխում: 2-4 օր հետո սկսվում է հիվանդության երկրորդ փուլը՝ մաշկի եւ լորձաթաղանթների վրա առաջանում են արյունազեղումներ`ցանի, բծերի, հեմատոմաների տեսքով, առատ արյունահոսություն լնդերից, քթից, ստամոքսից, աղիներից եւ այլն:

Նկատվում է գիտակցության կորուստ, ուժեղ ցավեր ստամոքսի, լյարդի շրջանում, լուծ, դեղնություն: Հիվանդի վիճակը կտրուկ վատանում է: Բուժումը տեւում է 10-12 օր, բայց հիվանդների մոտ խիստ հյուծվածությունը պահպանվում է 1-2 ամիս: «Ղրիմ-Կոնգո» տենդը կարող է լինել մահացու, եթե հիվանդը ժամանակին չդիմի բժշկի: