Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը վերանորոգվում է

Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը վերանորոգվում է

Ախալքալաք-Կարծախ մայրուղին, թեև համեմատաբար վերջերս էր ասֆալտապատվել, սակայն հատկապես Վաչիան գյուղի մոտակայքում սարսափելի վիճակում է գտնվում: Երեկվանից այս հատվածում սկսվել են վերականգնողական աշխատանքները:

Փոշոտ ճանապարհ, հսկայական փոսեր և ասֆալտի մաշված վերին շերտ՝ այս իրավիճակը վաղուց է տիրում այս ճանապարհին, բայց վերջերս էլ ավելի ակնհայտորեն է զգացվում: Այս ճանապարհով հաճախ են անցնում բեռնված բեռնատարները, իսկ քանի որ Վալեի մաքսակետը (վրաց-թուրքական սահմանին) փակվել է վերանորոգման պատճառով, Կարծախով բեռնատարների հոսքը մի քանի անգամ ավելացել է։ Ամեն օր դեպի Թուրքիա տանող ճանապարհին ավելի ու ավելի շատ փոսեր են հայտնվում։

Այս հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են հունիսի 6-ից, իսկ մինչ այդ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչության կողմից հայտարարվել էր տենդեր՝ 2 500 848 լարիի չափով։ Տենդերին մասնակցել է երկու ընկերություն՝ «Արալին», որն առաջարկել է 2 մլն 390 հազար լարի և «ՋավախԱվտոԳզա»-ն՝ 2 մլն 126 հազար 282 լարիով: Վերջինիս հետ պայմանագիր է կնքվել ճանապարհի 1 կիլոմետրանոց հատվածի վերականգնման համար։

Վերականգնողական աշխատանքների համար պայմանագիրը կնքվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին: Աշխատանքները, ըստ պայմանագրի, պետք է ավարտվեն 2022 թվականի օգոստոսի 30-ին։ jnews.ge