Վրաստանի ո՞ր քաղաքներում կարելի է կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ անցնել

Վրաստանի ո՞ր քաղաքներում կարելի է կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ անցնել

Վրաստանի տասը քաղաքներում կրծքագեղձի քաղցկեղի համար կարող եք անվճար սքրինինգ ստանալ, հայտնում է երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։

Թբիլիսին, Զուգդիդին, Բաթումին, Քութայիսին, Սաչխերեն, Ախալցխան, Գորին, Կասպին, Մառնեուլին, Գուրջաանին այն քաղաքներն են, որտեղ գործում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման պետական ​​ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է հայտնաբերել պաթոլոգիական փոփոխությունները մինչև ախտանիշների ի հայտ գալը։

«Երբեմն «վաղը» շատ ուշ է լինում, քանի որ մեր կյանքի համար յուրաքանչյուր վայրկյանը կարող է որոշիչ լինել: Առողջ ապագան մենք որոշում ենք մեր սեփական գործողություններով և որոշումներով»,- նշում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Վրացի մասնագետները կոչ են անում հիշել, որ հիվանդության ժամանակին հայտնաբերումը արդյունավետ բուժման և լիարժեք կյանքի երաշխավորն է։

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգն իրականացվում է 40-ից 70 տարեկան կանանց շրջանում և ներառում է մամոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում՝ մամոլոգի խորհրդատվություն և էխոսկոպիա։

Ծրագրի շրջանակներում սքրինինգը կարող է իրականացվել երկու տարին մեկ անգամ, այն էլ ամբողջովին անվճար։

2017 թվականին կրծքագեղձի քաղցկեղը դարձել է Վրաստանում ամենատարածված հիվանդությունը։ Մահվան պատճառը հաճախ հետաձգված բուժումն է։ Աշխատանքային զբաղվածության պատճառով բնակչության մեծ մասը չի կարողանում ժամանակ գտնել բժշկի խորհրդատվություն ստանալու և ամբողջական հետազոտություն անցկացնելու համար։

Ուռուցքաբանները զգուշացնում են, որ տարին մեկ անգամ բոլոր կանայք պետք է գինեկոլոգի, մամոլոգի և էնդոկրինոլոգի խորհրդատվություն անցնեն։