Ինչու է վնասակար ինչպես ընթրիքից հրաժարվելը, այնպես էլ քնելուց առաջ չափից շատ ուտելը: Այս մասին է խոսել գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։
Որոշ մարդիկ սովոր են ընթրել ուշ երեկոյան՝ քնելուց առաջ, իսկ ոմանք փորձում են խուսափել երեկոյան կերակուրներից։ Երկուսն էլ վնասակար են առողջության համար, նշել է բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։
«Ուշ սնվելը շատ վատ է, հատկապես, եթե անմիջապես գնում են քնելու։ Մարդը պառկած է հորիզոնական դիրքում՝ ստամոքսում մեծ քանակության սնունդ, և ստամոքսի պարունակությունը հետ է գալիս կերակրափող, ինչի հետևանքով կարող է առաջանալդ կերակրափողում այրոց, ստամոքսում բակտերիաների բազմացում։ Բացի դրանից, կնկատվի մարսողության խանգարում։ Դրանից հետո առավոտյան կարող է անհարմարություն առաջանալ ստամոքսում, որովայնի ցավ և տհաճ փորկապություն»,- ասել է նա։
Ուշ ընթրիքները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մարսողության, այլև լյարդի գործունեության վրա։
«Ուշ ընթրիքից հետո բոլոր օրգաններն ավելի վատ են աշխատում: Երբ մարդը քնում է, նա բոլորովին այլ էներգիայի կարիք ունի։ Սա, այսպես կոչված, ճարպային հեպատոզ է, որը ոչ պատշաճ սնվելու դեպքում հանդիպում է նույնիսկ շատ նիհար մարդկանց մոտ»,- նշել է Իրինա Բերեժնայան:
Ընթրիքից իսպառ հրաժարումը կարող է հանգեցնել նաև օրգանիզմի համար բացասական հետևանքների, հավելել է գաստրոէնտերոլոգը։
«Շատերը փորձում են հետևել դիետիկ սննդակարգին՝ ընթրել մինչև երեկոյան ժամը վեցը, իսկ հետո չուտել մինչև առավոտ: Այս ռեժիմը կարող է դրական կողմեր ունենալ: Այնուամենայնիվ, եթե մարմինը սովոր չէ այս ապրելակերպին, կարող է անուղղելի վնաս պատճառել առողջությանը, քանի որ հետո կտրուկ աճում է էներգետիկ նյութափոխանակությունը, թթու-բազային հավասարակշռությունը խախտվում է»,- եզրափակել է Իրինա Բերեժնայան։