Ռուսաստանում հաշվել են «մահացած» ընկերությունները

Ռուսաստանում հաշվել են «մահացած» ընկերությունները

Մարտից հունիս ընկած ժամանակահատվածում, երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի տնտեսության դեմ, երկրում փակվեց ավելի քան 110 հազար ընկերություն: FinExpertiza աուդիտորական-խորհրդատվական ցանցի վերլուծաբանները հաշվել են «մահացած» ընկերությունները, հաղորդում է Лента պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել նյութի օրինակը։

Ընդհանուր առմամբ, փակվել է 113 500 առևտրային ձեռնարկություն, ինչը 17,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում, նոր ձեռնարկությունների թիվը չի փոխվել՝ չորս ամսում Ռուսաստանում հայտնվել է 78 600 հազար նոր բիզնես։ Այսինքն՝ լուծարված բիզնեսների թիվը մեկուկես անգամ ավելի է եղել, քան նոր բացված ձեռնարկությունների թիվը։ Ընդ որում, ձեռնարկությունների թվի աճ է գրանցվել միայն 13 շրջաններում՝ Չուկոտկայի ինքնավար մարզում, Կալմիկիայում, Կարաչայ-Չերքեսիայում, Տիվայում, Սմոլենսկի մարզում, Բուրյաթիայում, Անդրբայկալյան երկրամասում, Օմսկի մարզում, Յակուտիայում, Խակասիայում, ինչպես նաև Կիրովի մարզում, Սևաստոպոլում և Չեչնիայում։

Ձեռնարկությունների մոտ 14,5 տոկոսը (16 500) լուծարվել է ուղղակիորեն սեփականատերերի կողմից, այդ թվում՝ 2,2 տոկոսը (2500) սնանկության միջոցով։ Բացի դրանից, ֆիրմաների 1,4 տոկոսը (1600) վերակազմավորվել է:

«Տնտեսական պատժամիջոցները և պահանջարկի անկումն, անշուշտ, կազդեն բիզնեսի ժողովրդագրության վրա 2022 թվականին, սակայն բիզնեսի լուծարման գործընթացը սովորաբար երկարաձգվում է և մեկ ակնթարթում չի լինում։ Այս պահին ձեռնարկությունների փակման մեծ մասը կապված է ոչ թե ձեռնարկատիրական գործունեության անկման հետ, այլ հարկային մարմինների կողմից մեկօրյա ֆիրմաները և ոչ ակտիվ բիզնեսները ռեգիստրից մաքրելու հետ», – բացատրել է FinExpertiza-ի ղեկավար Ելենա Տրուբնիկովան: shantnews.am