Հուլիսի 9-ից 18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում կազմակերպվեց «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագիրը կրող մանկապատանեկան ճամբար:
Տեղեկության համաձայն ճամբարը կազմակերպվել և ֆինանսավորվել է Շիրակ Թորոսյանի նախաձեռնությամբ ու միջոցներով և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ։
Նախաձռռնողները խորին շնորհակալությունն են հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի իշխանություններին՝ բարյացկամ վերաբերմունքի համար: Ճամբարի համակարգողն էր փորձառու մանկավարժ, հոգեբան Նարինե Սիրականյանը:
Ճամբարի առօրյան խիստ հագեցած էր: Շուրջ 40 երեխաներ և պատանիներ անցել են գեղանկարչության, խեցեգործության, դիզայնի, տիկնիկագործության, ասմունքի, պարի դասեր: Ճամբարի երեխաները ամեն օր ապահովվել են թարմ և բարձրորակ սննդով:
Վերջին օրը ճամբարականները ցուցադրեցին իրենց կատարած աշխատանքները, հանդես եկան ասմունքով, նոր սովորած հայկական և վրացական երգերով ու պարերով։ Երեխաների խանդավառությունը շատ մեծ էր, ճամբարի ուսուցողական նշանակությունն՝ անգնահատելի: akhaltskha.net