Մ.Արագյալ գյուղի խմելու ջուրը պիտանի չէ խմելու համար

Մ.Արագյալ գյուղի  խմելու ջուրը պիտանի չէ խմելու համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ.Արագյալ գյուղում հունիսի վերջին տեղի ունեցած զանգվածային թունավորումից հետո փորձաքննության է ուղարկվել խմելու ջրի նմուշ։

Բնակիչների հիվանդությունների պատճառը խմելու անորակ ջուրն էր։ Ջրի փորձաքննությունն իսկապես պարզել է, որ ջուրը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին։

Նինոծմինդայի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքով, ջրավազանը մաքրելուց և քլորացնելուց հետո ջուրն ուղարկվել է լաբորատորիա փորձաքննության, որտեղ ջրի փորձաքննությունը ցույց է տվել, որ ջուրը խմելու համար պիտանի չէ։ Բնակիչները տեղեկացված են այս մասին, պետք է ջուրը եռացնել ու նոր օգտագործել։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանի խոսքով, քաղաքապետարանն արդեն գումար է տրամադրել Մ.Արագյալ գյուղի վնասված ջրատար խողովակների փոխարինման համար։ Շուրջ 400 մետր ջրատար խողովակները կփոխվեն։

Միգուցե այնտեղ, որտեղ խողովակները վնասված են, ջուրը խառնվում է այլ ջրերի հետ, և այդ պատճառով նման խնդիր է ի հայտ եկել։ Այժմ այս գիծը կփոխարինվի պլաստիկ խողովակներով։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Մ.Արագյալ գյուղի 40-ից ավելի բնակիչներ աղիքային վարակի ախտանիշներով դիմել էին Նինոծմինդայի կլինիկա։