Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը արտահերթ նիստում կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է որպես հանրային առողջության արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես որոշել եմ, որ կապիկի ծաղիկի գլոբալ բռնկումը միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ է», – ասել է նա:
Նրա խոսքով, աշխարհում արդեն իսկ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16 000 դեպք, իսկ հիվանդության տարածումը եվրոպական տարածաշրջանում ամենամեծ վտանգն է ներկայացնում։
rbc.ru-ի հաղորդմամբ, միաժամանակ Գեբրեյեսուսը նշել է, որ կազմակերպությունն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ հիվանդության տարածումը վերահսկողության տակ պահելու համար։ Նա նաև մատնանշել է, որ երկրների կեսը, որտեղ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ, արդեն ապահովել են անհրաժեշտ պատվաստանյութերով։