Վրաստան. մինչև 10,000 եվրո դրամաշնորհներ կանանց նկատմամբ բռնությունը կանխող նախաձեռնությունների համար

Վրաստան. մինչև 10,000 եվրո դրամաշնորհներ կանանց նկատմամբ բռնությունը կանխող նախաձեռնությունների համար

Culture Moves Europe. ԵՄ-ն 21 միլիոն եվրո արժողությամբ նոր շարժունակության ծրագիր է մեկնարկում արվեստագետների և մշակութային գործիչների համար

Հուլիսի 20-ին Եվրոպական հանձնաժողովը Գյոթեի ինստիտուտի հետ ստորագրեց համաձայնագիր՝ արվեստագետների և մշակութային գործիչների համար նախատեսված 21 միլիոն եվրո արժողությամբ «Culture Moves Europe» (թարգմանաբար՝ «Մշակույթը թևածում է Եվրոպայով») նոր շարժունակության ծրագրի իրականացման համար։

Նոր «Culture Moves Europe» սխեման մշտական հիմունքներով կգործի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում՝ դառնալով 2018-2022 թվականներին իրականացված «I-Portunus» հաջողված պիլոտային նախագծի շարունակությունը:

Այն դրամաշնորհներ կառաջարկի արվեստագետներին, մշակութային գործիչներին և հյուրընկալող կազմակերպություններին՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրում ընդգրկված (իր «ՄՇԱԿՈՒՅԹ» ուղղության շրջանակներում) բոլոր ոլորտներից և մասնակից երկրներից: Հատուկ ուշադրության կարժանանան սկսնակ արվեստագետները։

Արևելյան գործընկերության երկրներից «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասամբ մասնակցում են Վրաստանն ու Ուկրաինան։ Հայաստանը նույնպես բանակցում է ծրագրին մասամբ միանալու շուրջ։

Առաջիկա երեք տարվա ընթացքում ծրագիրը շուրջ 7,000 արվեստագետների, ստեղծագործողների և մշակութային գործիչների թույլ կտա մեկնել արտերկիր՝ մասնագիտական զարգացման կամ միջազգային համագործակցության գործողությունների մասնակցելու, համատեղ արտադրանքի, համատեղ ստեղծագործելու, ինչպես նաև իրենց ստեղծագործությունները նոր հանդիսատեսի դատին ներկայացնելու նպատակով:

Սպասվում է, որ առաջին հայտամրցույթների մասին կհայտարարվի 2022 թվականի աշնանը։

2022 թվականի Էրազմուս օրեր. գրանցի՛ր քո միջոցառումն այսօր

Այս տարվա «Էրազմուս օրերը», որոնք անցկացվում են ի նշանավորումն ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի, տեղի կունենան հոկտեմբերի 13-ից 15-ը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։

Այդ օրերին «Էրազմուս+» ծրագրի նախկին, ներկա և ապագա շահառուները հնարավորություն կունենան ներկայացնելու կրթության, ուսուցման, երիտասարդության և սպորտի աջակցության ԵՄ դրոշակակիր ծրագրի շրջանակում իրենց փորձը։ Գրանցումն արդեն բաց է։

Եթե դուք «Էրազմուս+»-ի շահառու եք, ով ներկայումս ստանում կամ նախկինում ստացել է «Էրազմուս+» ֆինանսավորում, դիմեք ձեր երկրում «Էրազմուս+» ծրագրի հարցերով զբաղվող ազգային գործակալությանը կամ գրասենյակին՝ պարզելու, թե ինչպես կարող եք գրանցել ձեր միջոցառումը:

2021 թվականին 5,670 միջոցառում է կազմակերպվել 67 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Վրաց պաշտոնյաները ԵՄ աջակցությամբ սովորում են գնահատել գենդերային ազդեցությունը

Օրենքները, պետական քաղաքականությունները և ծրագրերը տարբեր կերպ են ազդում կանանց և տղամարդկանց վրա: Ինչպե՞ս ենք մենք հաշվի առնում այս տարբերությունները, որպեսզի խթանենք հավասարությունը՝ գոյություն ունեցող գենդերային անհավասարությունները հավերժացնելու փոխարեն:

Վերոնշյալ հարցի պատասխանը գենդերային ազդեցության գնահատումն է (GIA): Այս կարգի ապացուցահեն գնահատումը քաղաքականություն մշակողներին թույլ է տալիս կանխատեսել նոր օրենքի, քաղաքականության կամ ծրագրի ազդեցությունը կանանց և տղամարդկանց կյանքի վրա: Սա առաջին կարևոր քայլն է՝ բացահայտելու, կանխատեսելու և գնահատելու, թե ինչպիսի ազդեցություններ կկրեն կանայք և տղամարդիկ, և թե արդյոք օրենսդրությունը, քաղաքականությունը կամ ծրագրերը կնվազեցնեն, կպահպանեն կամ կխորացնեն գենդերային անհավասարությունը: Սա մեզ օգնում է ապահովել, որ արդյունքները աջակցեն գենդերային հավասարությանը և բարելավեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց կյանքը:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն» ծրագիրն (EU4Gender Equality Reform Helpdesk) այս ոգով 2022թ. հուլիսի 18-ից 22-ը գենդերային ազդեցության գնահատումներ իրականացնելու վերաբերյալ մի շարք դասընթացներ է անցկացրել Վրաստանում: Արդարադատության նախարարության, Գրավյալ տարածքներից հարկադիր տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարության ու նրա ենթակա գերատեսչությունների, Արդարադատության ուսումնական կենտրոնի, ինչպես նաև Գլխավոր դատախազության պաշտոնյաները տեղեկացել են տարբեր խմբերի կարիքների մասին և իմացել, թե ինչպես են պետական քաղաքականությունները տարբեր կերպ ազդում կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների վրա: Դասընթացներն ամրապնդել են նրանց՝ տարբեր խմբերի վրա օրենքների, պետական քաղաքականությունների և ծրագրերի գենդերային ազդեցությունները բացահայտելու հմտությունները, ինչպես նաև քաղաքականության մշակման գործընթացներում կանանց և տղամարդկանց ձայնը հասու դարձնելու կարողությունը։ Այս հմտությունների կիրառումը կանանց և տղամարդկանց համար գործնականում ավելի լավ արդյունքների կբերի ողջ Վրաստանում:

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և NIRAS-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն» ծրագիրը նպատակ ունի արդյունավետ և հավասար արդյունքներ ապահովել կանանց և տղամարդկանց համար Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ Վրաստանում՝ ընդլայնելով գենդերային վերլուծության կիրառումը որոշումների կայացման և բարեփոխումներում:

Աշխատանքային ինտեգրում. դրամաշնորհային մրցույթ Վրաստանում գործող սոցիալական ձեռնարկությունների համար

Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնը (CSRDG) ԵՄ աջակցությամբ հայտարարել է դրամաշնորհային մրցույթ աշխատանքային ինտեգրման ոլորտում աշխատող սոցիալական ձեռնարկությունների համար։

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել սոցիալական ձեռնարկությունների զարգացմանը, որոնք նպաստում են զբաղվածությանը և բնակչության ոչ մրցունակ, խոցելի խմբի անդամներին աշխատաշուկայում ինտեգրմանը:

Դրամաշնորհային մրցույթի նպատակային շրջաններն են Գուրիան, Կախեթը և Քվեմո Քարթլին:

Հայցվող դրամաշնորհային ֆինանսավորումը չպետք է գերազանցի 14,000 եվրոն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, ժամը՝ 18:00-ն:

Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է Եվրոպական միության (ԵՄ) և «Հաց աշխարհի համար» (Bread for the World) կազմակերպության աջակցությամբ Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի (CSRDG) կողմից Վրաստանի քաղաքացիական զարգացման ասոցիացիայի (GCDA) և Երիտասարդ մանկավարժների միության (YPU) հետ միասին իրականացվող «Հմտությունների զարգացում և աշխատանքի նորարարական հնարավորություններ Վրաստանի տարածքային զարգացման համար» ծրագրի շրջանակում։

Ի՞նչ է քաղաքացիությունը․ ԵՄ ծրագիրը լուսանկարչական մրցույթ է մեկնարկում Վրաստանի երիտասարդների համար

Ժողովրդավարական քաղաքացիության խթանմանն ուղղված ԵՄ-ի ֆինանսավորմամբ ծրագիրը Վրաստանի երիտասարդներին հրավիրում է մասնակցելու քաղաքացիության թեմայով լուսանկարչական մրցույթին:

Լուսանկարները պետք է արտացոլեն քաղաքացիության մասին մասնակցի գաղափարները/ըմբռնումը: Աշխատանքը պետք է ունենա կարճ տեքստային նկարագրություն (250 բառից ոչ ավելի):

Կարևոր է նաև ներառել հեղինակի անունը, ծննդյան ամսաթիվը, հասցեն և հեռախոսահամարը:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդները։

Հաղթողները կստանան դրամական պարգև։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 24ն է:

Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով՝ s.megrelishvili@gcsd.org.ge։

Մրցույթը հայտարարվել է Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնի (GCSD) կողմից՝ «Վրաստանում ժողովրդավարական քաղաքացիության խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հզորացման ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է նպաստել Վրաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։

Վրաստան. մինչև 10,000 եվրո դրամաշնորհներ կանանց նկատմամբ բռնությունը կանխող նախաձեռնությունների համար

ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում «Կանանց հիմնադրամ Վրաստանում» ՀԿ-ն հայտարարել է «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելում» թեմայով դրամաշնորհային մրցույթ։

Կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի համար բաց մրցույթի նպատակն է արմատախիլ անել ընտանեկան և գենդերային բռնությունը։

Հնարավոր գործողությունները ներառում են.

  • Կանանց իրավունքների պաշտպանություն, ջատագովություն և լոբբինգ ենթադրող նախաձեռնություններ.
  • Ծառայությունների մատուցում.
  • Կանանց և ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքների խախտումները փաստագրող օրենսդրական նախաձեռնություններ.
  • Օրենքների և կոնվենցիաների կատարման մոնիտորինգ.
  • Զոհերի աջակցության ծրագրեր.
  • Կանխարգելիչ մեխանիզմների մշակում/ներդրում.
  • Գենդերային բռնության զոհերի անվտանգության (ներառյալ թվային անվտանգության) ապահովում.
  • Տեղի բնակչության իրազեկվածության բարձրացում։

Առաջնահերթությունը կտրվի Կախեթի, Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթի, Իմերեթի և Քվեմո Քարթլիի տարածաշրջաններին ուղղված ծրագրային նախաձեռնություններին:

Դրամաշնորհի առավելագույն գումարը 10,000 եվրո է:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է:

«Վրաստանում գենդերային բռնության և ընտանեկան բռնության վերացմանը նպաստում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Խոշտանգումների զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնման վրացական կենտրոնի (GCRT) ու նրա գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի կանանց հիմնադրամի կողմից։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Վրաց պաշտոնյաները ԵՄ աջակցությամբ սովորում են գնահատել գենդերային ազդեցությունը