Չափից շատ աշխատելը վնասակար է առողջության համար։ Այժմ այս ճշմարտությունը գիտականորեն ապացուցված է, հաղորդում է Комсомольская правда պարբերականը։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականները համատեղ երկարաժամկետ հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 11 215 տղամարդ և 12 188 կին՝ գրասենյակային աշխատողներ և ինքնազբաղվածներ: Պարզվել է, որ հանգստյան օրերին աշխատելը և արտաժամյա աշխատանքը մեծացնում են դեպրեսիայի զարգացման վտանգը։
Շատ աշխատելը հատկապես վնասակար է կանանց համար: Շաբաթական 55 ժամ աշխատող, այսինքն՝ 35-40 աշխատանքային ժամի նորմը գերազանցող կանանց մոտ 7,3%-ով ավելի մեծ է տրամադրության և հոգեկան խանգարման՝ դեպրեսիայի հավանականությունը։
Հանգստյան օրերին աշխատելը հավասարապես վնասակար է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար։ Անկախ աշխատանքային ծանրաբեռնվածության ռեժիմից և ծավալից՝ գիտնականները դեպրեսիայի ռիսկի գործոնների շարքին են դասել մեծ տարիքը, ցածր եկամուտը, ծխելը և աշխատանքից դժգոհությունը:
Տղամարդկանց մեջ ամենաերջանիկը (առանց դեպրեսիայի ախտանիշների) եղել են միայնակ, միջնակարգ կրթություն ունեցող և արհեստագործական մասնագիտություններ ունեցողները։ Իսկ կանանց շրջանում ամենադժբախտը եղել են ամուսնալուծված կամ այրի կանայք՝ չափահաս երեխաներով, միջինից բարձր կրթական մակարդակով։
Որպես կանոն, դեպրեսիայի ռիսկի գործոնները ներառում են.
– մանկության տարիքում տրավմատիկ իրադարձություն,
– սոցիալական կարգավիճակի կորուստ, սիրելիի մահ, աշխատանքի կորուստ, արտագաղթ և փախստականի կարգավիճակ,
– ժառանգական գործոն, այսինքն՝ դեպրեսիայի առկայություն ամենամոտ ավագ հարազատների՝ ծնողների մոտ։
Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտության՝ COVID-19 հաղթահարած չափահասների միջինը 30,9%-ը հայտնում է անհանգստության և դեպրեսիայի ախտանիշների մասին: Այսպիսով, կորոնավիրուսը և համավարակի հետ կապված մեկուսացումը և ընդհատված հաղորդակցությունը, հատկապես իրական, այլ ոչ թե վիրտուալ աշխարհում, դարձել են նորագույն գործոններ մարդկային հոգեկան առողջության համար ամենատհաճ հետևանքների ռիսկի առումով։ shantnews.am