7-ամսական աղջնակը լույս աշխարհ է եկել Ղրիմում ծանր ու հազվադեպ հանդիպող ախտաբանությամբ՝ կերակրափողի ատրեզիայով, որը զրկում է մարդուն սնունդ ընդունելու հնարավորությունից, քանի որ կերակրափողը միացված չի լինում ստամոքսին։ Նորածնի կյանքը հնարավոր կլիներ փրկել միայն վիրահատական ճանապարհով, ուստի բժիշկները որոշել են փոքրիկի ուղիղ աղիքի մի հատվածից կերակրափող ստանալ։ Վիրահատության մասին լուրը հրապարակվել է Մանկաբուժական համալսարանի կայքում։
Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի փրկեն երեխայի կյանքն այնքան ժամանակ, որքան կպահանջվի նրա օրգանիզմին ամրապնդվելու և վիրահատությանը պատրաստ լինելու համար։ Միևնույն ժամանակ նրանք փորձել են պահպանել կլման ռեֆլեքսը «կեղծ կերակրումների» միջոցով։ Երբ փոքրիկ բուժառուի օրգանիզմն ամրապնդվել է, նրան ուղարկել են Սանկտ Պետերբուրգ՝ վիրահատության։
Մասնագետները որոշել են վերականգնել երեխայի կերակրափողը հաստ աղիքի միջոցով։ Վիրահատությունն անցկացվել է երեք փուլով։
«Ստիպված էինք բավական երկար ժամանակ վատնել հյուսվածքապատվաստի նախապատրաստման համար, քանի որ երեխայի մոտ հաստ աղիքը սնուցող հինգ զարկերակներից երկուսը բացակայում էին, իսկ կրծքոսրի կառուցվածքը թույլ չէր տալիս կատարել փոխպատվաստումը, ուստի ստիպված էինք պլաստիկ վիրահատություն անել։ Վերջին փուլում մենք տեղադրել ենք հյուսվածքապատվաստը և միացրել դրա ծայրերը կերակրափողի վերին հատվածին ու ստամոքսին», – պատմել է Լենինգրադի մարզի գլխավոր մանկական վիրաբույժ Անդրեյ Իվանովը։
Հաղորդվում է, որ վիրահատությունը տևել է հինգ ժամ, փոքրիկն այժմ հետվիրահատական վերականգնողական փուլում է և ապաքինվում է։