Ակնագարիկն աչքի վարակ է, որը կարող է զգալի անհարմարություն առաջացնել։ Առավել հաճախ այն զարգանում է ձեռքերի հիգիենային չհետևելու և կեղտոտ ձեռքերով պարբերաբար աչքի լորձաթաղանթին դիպչելու հետևանքով։ Այս խնդիրը հաճախ է ի հայտ գալիս երեխաների մոտ, իսկ մարդիկ երբեմն բուժման սխալ մեթոդներ են կիրառում, ինչը հավելյալ խնդիրների պատճառ է դառնում, ուստի մանկաբույժ-իմունաբան Անդրեյ Պրոդեուսն իր բլոգում ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն արագ ազատվել ակնագարիկից՝ խուսափելով բարդություններից։
Մասնագետի խոսքով՝ ակնագարիկի զարգացման հիմնական պատճառը վատ հիգիենան է, սակայն խնդիրը կարող է զարգանալ նաև որոշ քրոնիկ հիվանդությունների, մասնավորապես՝ բլեֆարիտի և սեբորեային դերմատիտի դեպքում։ Ընդ որում՝ բշտիկները կարող են ի հայտ գալ ինչպես միայն մի աչքի կոպին, այնպես էլ երկուսի։
Ակնագարիկի դեպքում բորբոքային գործընթացը զարգանում է 2-7 օր, որից հետո բշտիկը բացվում է և թարախային պարունակությունը դուրս է գալիս։ Շատ դեպքերում մարդիկ փորձում են «արագացնել» այդ գործընթացն ու ինքնուրույն դուրս բերել բշտիկի թարախային պարունակությունը, սակայն նման ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ վարակը կարող է ներթափանցել արյունատար կամ ավշային համակարգերի մեջ՝ առաջացնելուվ շատ վտանգավոր բարդություններ։
Բացի այդ, չի կարելի կիրառել նաև ժողովրդական բժշկության միջոցներ, քանի որ դրանք կարող են վնասել աչքը կամ նպաստել վարակի տարածմանը։
Նման խնդրի դեպքում բարդություններից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել առաջին հերթին զգուշորեն լվանալ կոպի եզրերը մաքուր բամբակյա տամպոնով։ Ընդ որում՝ եթե ակնագարիկ է առաջացել երկու աչքին, ապա անհրաժեշտ է կիրառել երկու տարբեր տամպոն վարակը չտարածելու համար։ Միևնույն ժամանակ մասնագետը շեշտել է, որ լավագույն տարբերակը բժկին դիմելն է, ով կնշանակի դեղորայքային բուժում կամ վիրահատական միջամտություն, եթե բշտիկն ինքնուրույն չի բացվում և թարախային պարունակույթուն շարունակում է կուտակվել։