Հեմոդիալիզի կենտրոնը հնարավոր է Ախալքալաքի հիվանդանոցի նկուղում բացվի

Հեմոդիալիզի կենտրոնը հնարավոր է Ախալքալաքի հիվանդանոցի նկուղում բացվի

Արդեն հինգերորդ տարին է ձգձգվում է Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն բացելու հարցը։ Կարծես, վերջնական որոշված էր, որ հեմոդիալիզի կենտրոնը պետք է բացվեր շտապօգնության շենքում, որի համար էլ պետք է նոր շենք կառուցվեր: Հիվանդանոցի դիմացը տարածք գտնվեց, որը տրամադրվեց շտապօգնության ծառայության նոր շենքի կառուցմանը, սակայն այդպես էլ այդ նախագիծը կյանքի չկոչվեց։ Դիալիզի կենտրոնը կբացվի Ախալքալաքի հիվանդանոցի նկուղային հարկում, որը դեռ 2019 թվականին էր քննարկվում:

Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը կարևորում է դիալիզով հիվանդների համար հարմարավետ պայմանների ստեղծումը:

«Շատ կարևոր և հուզիչ հարց է մեր և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակչության համար: Բավականին լուրջ քանակ ունենք դիալիզի կարիք ունեցող հիվանդների: Տենդենց կա, և ցավոք, ավելանում է այդ հիվանդների քանակը։ Այսօր նրանք ստիպված են հասնել մինչև Ախալցիխե, Բորժոմի, որովհետև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում դեռ չկա դիալիզի կենտրոն: Ցավով եմ դա նշում, քանի որ մենք հնարավարություն ունենք լուծելու այդ հիվանդների հարցը դրական ձևով և տեղում կազմակերպելու այդ ծառայությունների մատուցումը», – ասում է Ալեքսան Թորոյանը։

Նա նշում է, որ սկզբում եղել են տեխնիկական խնդիրներ և ինչքանով ինքն է տեղյակ՝ կառավարությունը և առողջապահության նախարարությունը հրաժարվել են շտապօգնության նոր մասնաշենքի կառուցումից:

«Վերջնական պատասխանը եկավ, որ շինարարություն չի լինելու: Մենք սկսեցինք այլ տարբերակներ մտածել, և ամենակարևորը, որ մեր մասնաշենքում, Էվեքս հոսպիտալի նկուղային մասում ունենք այդպիսի հնարավորություն, որը համապատասխանում են բոլոր պահանջներին: Այսինքն՝ տարածքի քառակուսին, բարձրությունը, պատերի կառուցվածքը և հետագա շինարարական աշխատանքների հնարավորություն կա, որպեսզի ստեղծվի բոլոր պայմանները հիվանդներին այդ ծառայությունը տեղում մատուցելու համար», – ավելացնում է նա։

Ախալքալաքի քաղաքապետը դրական է գնահատում դիալիզի կենտրոն բացելու այլընտրանքային ուղիները, որպեսզի հիվանդներն իրենց գոնե մի քիչ հարմարավետ զգան։

«Մենք հանդիպել ենք Թորոյանի հետ, քննարկել ենք հարցը: Էվեքսը ցանկանում է իր շենքի կլինիկայի նկուղում բացել դիալիզի կենտրոնը։ Մեզ համար շատ կարևոր է, որ այդ կենտրոնը բացվի։ Ինչ մեզանից կախված է, մենք պատրաստ ենք անել, մեր օգնությունը ցուցաբերել: Փաստաթղթային մասով քննարկելու հարցեր ունենք», – ասում է Մելքոն Մակարյանը:

Ինչ վերաբերում է շտապօգնության նոր շենքի կառուցմանը, ապա Մակարյանն ասում է, որ նախարարության կողմից պաշտոնական մերժում չեն ստացել, նախագիծը դեռ ուժի մեջ է:

Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերը մի քանի անգամ Թբիլիսիից հրավիրել է կլինիկայի մասնագետներին, ճարտարապետների, ինժիներների, ովքերուսումնասիրել են տարածքը և վերջնական իրենց եզրակացությունը ներկայացրել: Ըստ որի հնարավոր է հիվանդանոցի նկուղային հարկը վերածել դիալիզի կենտրոնի:

«Աշխատանքների 50+ տոկոսը կատարված է, Էվեքսի ղեկավարությունը տեղյակ է, մենք նրանցից դրական պատասխան ենք ստացել, մնում է քաղաքապետարանի հետ համաձայնության գալ», – հավելում է Ալեքսան Թորոյանը:

Դիալիզի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները կան, հենց շենքը բացվեց, կտեղադրվեն։ Ըստ նախագծի Ախալքալաքում պատրաստում են բացել 6+1 մահճակալ, 6 հիվանդ անմիջապես սպասարկելու համար։ Բժշկի նախնական հաշվարկներով, այդ 6 մահճակալը լրիվությամբ բավարարելու է երկու մունիցիպալիտետի հիվանդների պահանջարկը։

Ինչպես նաև կլինիկայում սկսել են զբաղվել բժիշկների վերապատրաստման հարցով։

«Մենք ունենք համապատասխան մասնագետներ, մնում է միայն համաձայնեցնել, թե երբվանից սկսել վերապատրաստման փուլը, քանի որ բավականին երկար, մոտ 5-ից 6 ամիս ժամանակ է պահանջվում», – ավելացնում է Թորոյանը:

Թորոյանը եզրափակում է. «Պարտավորվածություն եմ վերցրել, մինչև վերջ պետք է հանրության առաջ կատարեմ»։jnews.ge