Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ արևածաղկի սերմերը

Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ արևածաղկի սերմերը

Արևածաղկի սերմերը բավական տարածված մթերք են թեթև քաղցը հագեցնելու համար։ Ընդ որում՝ դրանք համարվում են նաև բավական օգտակար, քանի որ հարուստ են մեծ քանակությամբ օգտակար նյութերով ու վիտամիններով, սակայն սննդաբան Տատյանա Զալետովան վստահ է, որ դրանք ոչ միշտ է կարելի առողջարար մթերք համարել, ուստի չարաշահումը կարող է վտանգավոր լինել։

Ինչպես նշել է մասնագետը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում, արևածաղկի սերմերն ունեն բավական բարձր կալորիականություն և այդ ցուցանիշով կարող են մրցել լիարժեք ճաշի կամ ընթրիքի հետ։ Այս մթերքի ընդամենը 100 գրամում պարունակվում է ավելի քան 700 կիլոկալորիա, ուստի դրա կանոնավոր գործածությունը կարող է հեշտությամբ հանգեցնել ավելորդ քաշի կուտակման։

Օրգանիզմին էլ ավելի մեծ վնաս կարող են հասցնել բովված արևածաղկի սերմերը, քանի որ երբեմն այդ գործընթացի ժամանակ ոչ շատ օգտակար յուղեր են կիրառվում։

«Եթե սերմերը բովելու համար կիրառել են վատ բուսայուղ կամ նույն յուղը մի քանի անգամ են օգտագործել, ինչը հաճախ են անում արտադրամասերում, ապա բարձր է մթերքի մեջ քաղցկեղածին նյութերի առաջացման վտանգը։ Այսինքն՝ արևածաղկի սերմերի մեջ կարող են ի հայտ գալ նյութեր, որոնք օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանն են նպաստում», – նախազգուշացրել է բժիշկը։

Մասնագետի խոսքով՝ օրական առողջությանն առանց վնաս հասցնելու մարդը կարող է մի փոքր բուռ արևածաղկի սերմ ուտել, մինչդեռ չարաշահումը կարող է վատ հետևանքներ ունենալ։ 

Tert.am