Վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են զարգանալ առանց որևէ ախտանշանի

Վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են զարգանալ առանց որևէ ախտանշանի

Մի շարք վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, աթերոսկլերոզը, ՄԻԱՎ-ը, զարկերակային գերճնշումն ու օնկոլոգիական հիվանդությունները, զարգացման սկզբնական փուլում կարող են որևէ ախտանշանով չդրսևորվել։ Այս մասին «Մոսկվա 24» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է թերապևտ Նադեժդա Չերնիշովան։
Մասնագետի խոսքով՝ հասկանալու համար, արդյոք օրգանիզմում խոլեստերինի մակարդակը նորմայի սահմաններում է և որքանով է բարձր աթերոսկլերոզի զարգացման վտանգը, հարկավոր է տարեկան մեկ անգամ արյան հետազատություն անցնել։
«Մարդն ինքնուրույն չի կարող պարզել, որ խոլեստերինի մակարդակը բարձր է , քանի որ դա արտաքուստ որևէ կերպ չի արտահայտվում։ Իսկ բարձր խոլեստերինն ապագայում կարող է սրտամկանի ինֆարկտի կամ գլխուղեղի կաթվածի հանգեցնել», – նշել է Չերնիշովան:
Նույնը վերաբերում է նաև շաքարային դիաբետին ու զարկերակային գերճնշմանը, քանի որ այս հիվանդությունները սկզբնական փուլում կարելի է հայտնաբերել միայն կանոնավոր վերահսկողության միջոցով։ Առաջինի դեպքում հարկավոր է կանոնավոր ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ երկրորդի դեպքում՝ զարկերակային ճնշումը։
Չարորակ նորագոյացությունները ևս կարող են սկսել անհանգստացնել միայն զարգացման ուշ փուլերում, ուստի թերապևտը խորհուրդ է տվել տարեկան մեկ անգամ ռենտգեն հետազոտություն անցնել, կանանց՝ գինեկոլոգիական բուժզննում անցնել, իսկ տղամարդկանց՝ ուրոլոգիական։ Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ին, ապա մասնագետը խորհուրդ է տվել համապատասխան հետազոտությունն անցնել պատահական սեռական հարաբերություն ունենալուց հետո։

Tert.am