Սանկտ Պետերբուրգի SM-Clinic-ի մաշկաբան, կոսմետոլոգ, ալերգոլոգ-իմունոլոգ Դենիս Բարբինովը Gazeta.Ru-ին պատմել է, թե որ դեպքերում է ականջի ծակելը հակացուցված։
Նրա խոսքով` դա առաջին հերթին արյան ցածր մակարդելիության դեպքում է, որը հղի է ոչ միայն արյունահոսության վտանգով, այլև վերքերի ապաքինման խնդիրներով, բլթակում անցքի առաջացումով։ Բժիշկը խորհուրդ չի տվել ծակել ականջները նաև դերմատիտի և էկզեմայի տարբեր ձևերի դեպքում, քանի որ կարող է դիտվել հիվանդության սրացում:
Զգուշություն պետք է ցուցաբերել նաև ականջի սուր և քրոնիկ հիվանդությունների առկայության ժամանակ։ Այս դեպքում Բարբինովը խորհուրդ է տալիս ականջները ծակելուց առաջ միշտ խորհրդակցել օտոլարինգոլոգի հետ։
Պիրսինգից հրաժարվելու պատճառ կարող է լինել սպիացման միտումը՝ շարունակում է բժիշկը։
«Նույնիսկ ականջի պարզ ծակումը կարող է առաջացնել կելոիդային սպի: Նման սպիին բնորոշ է շարակցական հյուսվածքի աճը և սեղմումը։ Աստիճանաբար սպին ավելի ու ավելի է մեծանում՝ ազդելով առողջ հյուսվածքների վրա։ Կելոիդ սպիի հիմնական խնդիրն այն է, որ այն չափազանց դժվար է բուժվում և երբեք ինքնուրույն չի անցնում», – ասել է Բարբինովը:
Նա նաև խորհուրդ է տվել համակարգային և աուտոիմուն հիվանդություններով, շաքարային դիաբետով, ՄԻԱՎ վարակով, վիրուսային հեպատիտ B և C-ով, սրտանոթային համակարգի և երիկամների քրոնիկ հիվանդությունների սրմամբ, ինչպես նաև տենդով, մրսածությամբ և վարակիչ հիվանդություններով տառապող մարդկանց խուսափել ականջները ծակելուց։