Մշտական հոգնածությունն ու քնելու ցանկությունը դասվում են շաքարային դիաբետին բնորոշ ախտանշանների շարքին։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է բժշկուհի Իրինա Տերաշենկոն։ Նրա խոսքով՝ այս հիվանդությանմյուս հիմնական ախտանշաններն են ծարավի զգացումը և վնասվածքների դանդաղ ապաքինումը։
Բացի այդ, քնկոտությունը կարող է հուշել նաև սակավարյունության մասին։
«Գլխուղեղին և մեր ամբողջ մարմնին նորմալ աշխատելու համար թթվածին է հարկավոր: Երկաթդեֆիցիտային սակավարյունության դեպքում արյան մեջ երկաթի մակարդակը նվազում է, ինչի պատճառով հյուսվածքները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում»,- նշել է Տերեշչենկոն։
Բժշկի խոսքով՝ քնկոտություն կարող է նկատվել նաև վահանագեղձի որոշ հիվանդությունների դեպքում։ Նման հիվանդություններից մեկը կարող է լինել հիպոթիրեոզը կամ վահանագեղձի գործառույթների թուլացումը, որն ուղեկցվում է օրգանիզմում բոլոր գործընթացների խանգարմամբ, ինչպես նաև քաշի ավելացմամբ, քնկոտությամբ, թուլությամբ ու դաշտանային ցիկլի խանգարմամբ։
Քնկոտության պատճառը կարող է դառնալ նաև վիտամինների և հանքանյութերի պակասը:
«Երկաթը, D, E, B12 վիտամինները, ցինկը, մագնեզիումը և կալիումն այն հիմնական նյութերն են, որոնցից կախված է մարդու առույգությունը։ Թուլության դեպքում խորհուրդ է տրվում ստուգել արյան մեջ դրանց պարունակությունը»,- ասել է Տերեշչենկոն՝ ընդգծելով, որ առանձնահատուկ ուշադրություն է հարկավոր դարձնել օրգանիզմում վիտամին D-ի մակարդակին։
Մասնագետի խոսքով՝ վերոնշյալ բոլոր հիվանդությունների ու բացասական վիճակների հերքման դեպքում հարկավոր է արդեն դիմել հոգեթերապևտին, քանի որ քնկոտությունը կարող է պայմանավորված լինել նաև դեպրեսիվ խանգարումներով։