Ախալցիխեցի բուժքույր 27-ամյա Մեգի Բաքրաձեի մահվան վերաբերյալ փորձագիտական եզրակացություն դեռ չկա, հայտնում է Radiotavisupleba-ն:
Սամխարաուլիի փորձագիտական բյուրոյից հայտնել են, որ փորձագիտական եզրակացությունը վերջնական փուլում է։
«Բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժնի կողմից հրավիրված թուրք փորձագետն արդեն ավարտել է հետազոտությունը: Ներկայում փորձաքննության եզրակացությունը վերջնական փուլում է և ենթարկվում է վարչական ստուգման, որը կավարտվի մոտ ապագայում», — տեղեկացրել է Սամխարաուլիի դատաբժշկական բյուրոն:
Հարկ է նշել, որ բուժքրոջ մահից մեկ տարի անց միայն հայտնի դարձավ, որ հետազոտության մեջ ներգրավված է թուրք փորձագետ։
Բուժքույր Մեգի Բաքրաձեն մահացել է 2021 թվականի մարտի 19-ին Թբիլիսիի համալսարանական կլինիկայում։ Նա պատվաստվել է Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի գործընկերոջ կողմից՝ մարտի 18-ին, Վրաստանում պատվաստումների մեկնարկի երրորդ օրը։ Ներարկումից մի քանի րոպե անց Բաքրաձեն վատ է զգացել իրեն, ավելի ուշ կորցրել է գիտակցությունը, իսկ մի քանի ժամ անց նրան տեղափոխել են Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա։
Նախնական տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից հետո նրա մոտ անաֆիլակտիկ շոկ է առաջացել։
Մինչ այժմ Բաքրաձեի մահվան գործով ձերբակալված չէ։ Հետաքննությունը կարողացել է միայն պարզել, որ բուժքրոջը ներարկում չեն արել անաֆիլակտիկ շոկից ազատվելու համար։aliq.ge