Վրաստանում Հայաստանի դեսպանը այցելեց Նինոծմինդա

Վրաստանում Հայաստանի դեսպանը այցելեց Նինոծմինդա

Այսօր՝ դեկտեմբերի 14 -ին ճանաչողական եւ քաղաքավարական այցով Նինոծմինդայում էր գտնվում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը:

Դեսպանը նախ այցելել է Ջիվանու ապա Վահան Տերյանի տուն-թանգարաններ, որից հետո քաղաքապետարանում հանդիպում եղավ Նինոծմինդայի քաղաքապետ Անի Մոսոյանի եւ սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի եւ մնացած ներկայացուցիչների հետ:

Այնուհետեւ դեսպանը քաղաքապետարանի դահլիճում հանդիպեց բնակիչների, տարբեր ոլորտների եւ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որտեղ պատասխանեց նրանց կողմից ուղված հարցերին:

NOR ռադիոկայանը հակիրճ ներկայացնում է մի քանի հարցեր.

Նինոծմինդայի քաղաքապետարանի գենդերային հավասարության, սպորտի, մշակույթի և տուրիզմի, զարգացման բաժնի պետ Լևոն Վարդանյանը առաջարկեց համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնել Հայաստանի հետ եւ ավելի ակտիվացնել այդ ոլորտը, փորձի փոխանակում իրականացնել եւ այլն:

Դեսպանը պատասխանեց, որ այդ համագործակցությունը հնարավոր է, եւ ոչ միայն Հայասատնից պետք է խմբեր ժամանեն այստեղ միջոցառում անցկացնելու, այլեւ հակառակը, Վրաստանից էլ Հայաստան պետք է այցելեն եւ համատեղ միջոցառումներ անցկացնեն:

Սակրեբուլոյի հանձնաժողովի անդամ Մաքսիմ Պոդոսյանը շեշտը դրեց Նինոծմինդայում եւ ընդհանրապես Վրաստանում ապրող հայ բնակիչների անձնագիր ստանալու եւ դրա հետ կապված դժվարությունների վրա:

Վերոնշյալ հարցին դեսպանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Այդ ամենը սահմանված է ըստ Վրասատնի օրհենսդրության: Երբ որ կա մեծ ցանկություն ամեն ինչ հնարավոր է, կարծում եմ Ջավախքի մեր հայրենակիցները խելացի են եւ աշխատասեր անկախ տարիքից: Ընդամենը 200 -ին մոտ հարցեր են որոնք պետք է ուղղակի սովորել, առաջ գնալ եւ ձեռք բերել քաղաքացիություն»:

Նինոծմինդայի բնակիչ Անդրանիկ Ղարսլյանն էլ հարց բարձրացրեց թե ինչպես օգնել Արցախի մեր եղբայրներին:

Որին դեսպանը պատասխանեց, որ այդ հարցը շատ նուրբ է եւ այդ հարցին նույնպես անդրադարձ կկատարվի:

Նշենք, որ դեսպանը այցելեց նաեւ Նինոծմինդայի սուրբ Սարգիս եկեղեցի եւ «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոն, որտեղ նրանց դիմավորեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանը:

Աշոտ Սմբատյանի հետ մեր զրույցը՝ աուդիոնյութում.

Radio NOR · Վրաստանում Հայաստանի դեսպանը այցելեց Նինոծմինդա