Օրեր առաջ Սաթխա գյուղի բնակչուհի 95-ամյա Լալա տատիկը պատահաբար ընկավ ցած։ Շտապ օգնությունը ժամանակին հասավ գրանցված կանչով, բարեբախտաբար հերթապահ բժիշկը վնասվածքաբան Արմեն Իրիցյանն էր։
Իրիցյանի միջամտությամբ 95-ամյա տատիկը տեղափոխվեց շրջանային հիվանդանոց, որտեղ ռենտգենյան հետազոտությունը ցույց տվեց, որ կոտրվածքը բարդ է՝ երեք տեղով և վիրահատական միջամտության կարիք ունի։
Դեկտեմբերի 11-ի երեկոյան տատիկը տեղափոխվեց Ախալքալաքի շրջանային կլինիկա, որտեղ էլ բժիշկներ Արմեն Իրիցյանի, Ռաֆիկ Չարչյանի, Գիա Եփրիկյանի և Երվանդ Սավոյանի մասնակցությամբ կատարվեց վիրահատություն։
Մեկ շաբաթ վերականգնողական բուժումներից հետո տատիկը արդեն տանն է և կազդուրման փուլերն է հաղթահարում։
Հարսը` Եղիսաբեթ Իսոյանը այդ բոլոր օրերին սկեսուրի կողքին է եղել և նկատել բժիշկների և բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքը։
«Կարծում եմ NOR ռադիոն այն բազմալսարան հարթակն է, որով կարող եմ խոսել բժիշկների հոգատարության և գործին հմուտ լինելու մասին, իրենց շնորհիվ 95-ամյա սկեսուրս արդեն տանն է և հուսանք, որ շուտով կքայլի, իմ խորին շնորհակալություն եմ հայտնում Հիպոկրատի երդվյալներին և մաղթում նրանց ուժ ու եռանդ, առիթից օգտվելով էլ շնորհավորում եմ գալիք Նոր տարին» -մեզ հետ զրույցում նշեց տիկին Եղիսաբեթը։