Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում՝ Լաչինում տիրող հումանիտար իրավիճակի համար, հաղորդում է Vaticannews-ը։
«Ինձ անհանգստացնում են մարդկանց հումանիտար անկայուն պայմանները, որոնք ձմեռային սեզոնի ընթացքում գտնվում են հետագա վատթարացման վտանգի տակ», – ասել է նա:
Հրապարակման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում շուրջ 120 հազար մարդ, ներառյալ՝ 30 հազար երեխա մեկուսացված է, զրկված սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։
Կիրակի օրը Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել գտնել խաղաղ լուծում գտնել՝ հանուն մարդկանց բարօրության։
Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Այն փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
Եկող շաբաթվանից Արցախում վերսկսելու են դասերը, իսկ փակ ճանապարհի պատճառով Հայաստանում մնացած շուրջ 300 արցախցի երեխաների կրթությունը ժամանակավորապես կազմակերպվելու է Սյունիքում:
Դեկտեմբերի 13-ից 16-ն էլ Արցախում գազամատակարարումն էր դադարեցված: Արցախի պետնախարարը ավելի վաղ հույս էր հայտնել, որ գազամատակարարման վերականգնումից հետո կարող է նաև Լաչինի միջանցքը բացվել: jnews.ge