Այսօր՝ փետրվարի 1-ին, Պուշկին փողոցի մայթերի մի մասը և հրապարակը ողողվել է մոտակա աղբյուրի ջրով։
Առավոտյան ջուրը լցվել է մայթի վրա, այն հասել է հարակից նորակառույց հրապարակին, ինչի հետևանքով այս հատվածը լցվել է ջրով և ծածկվել սառույցի շերտով։ Այս հարցով կապ հաստատեցինք ջրամատակարարման ծառայության պետ Արզուն Գորոյանի հետ, ով ասաց, որ կգան, տեղում կստուգեն իրավիճակը։
Ջրամատակարարման ծառայության աշխատակիցները հեղեղի պատճառ են համարում բնակչության կողմից աղբյուրի խողովակի խցանումը։ «Խողովակի մեջ թղթեր ու մսի կտորներ էին լցված։ Դրա համար էլ հեղեղվել են մայթերը։ Բնակիչները պետք է զգույշ լինեն, որ ոչինչ չլցվի խողովակի մեջ»։ – ասում է ընկերության աշխատակիցը։
Բնակչության անուշադրության պատճառով քաղաքային կոյուղու խողովակները հաճախ են վնասվում ու խցանվում։