Եվրամիության բարձր ներկայացուցիչը քննադատական հայտարարությամբ է արձագանքել «Ժողովրդական իշխանության» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծին, որին աջակցում է «Վրացական երազանքը»։ Հայտարարության մեջ հստակ ասվում է, որ օրենքի ընդունմամբ լուրջ կասկածի տակ կդրվի Եվրամիության 12 կետերից երկուսի կատարումը։
Առաջարկում ենք Ջոզեֆ Բորելի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության մամուլի խոսնակի հայտարարությունն անփոփոխ.
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին առաջարկվող օրենքի նախագիծը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և լրատվամիջոցների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն է։Այն նաև կարևոր է ԵՄ անդամակցության գործընթացի համար և 12 առաջնահերթությունների մի մասն է, մասնավորապես՝ թիվ 7 գերակայությունը՝ ԶԼՄ-ների ազատության և թիվ 10 գերակայությունը՝ քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ:
Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ջանքերին՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը, որոնք պատասխանում են երկրի զարգացման և ԵՄ անդամակցության ձգտումներին, ինչպես նշված է Վրաստանի Սահմանադրության մեջ:
Օրենքի նախագծի ընդունումը անհամատեղելի է լինելու Եվրամիության նորմերին և արժեքներին։
Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին ընդունել և իրականացնել բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Օրինագիծը լիազորում է արդարադատության նախարարությանը «հետաքննություն» անցկացնել՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին հայտնաբերելու համար»։ Որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելուց խուսափելու կամ հայտարարագիրը չլրացնելու համար կազմակերպությունը կտուգանվի 25 հազար լարիի չափով։ Նախագծով նախատեսվում է նաև տուգանքների հետևյալ տեսակները.
Արդարադատության նախարարության կայքում մուտքագրվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը դիմումի ձևը չլրացնելու դեպքում՝ 10 հազար լարի; նշված ժամկետում փաստաթղթերի թերությունները չշտկելու դեպքում՝ 10 հազար լարի; մեկ ամիս հետո օրինական իրավախախտում կատարելը՝ 20 հազար լարի։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել նախաձեռնված օրենքի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ չի աջակցելու «Ժողովրդական իշխանության» նախաձեռնած օրինագծին, որը «մեզ մոտեցնում է Ռուսաստանի արատավոր մոդելին»։ sknews.ge