ՌԴ-ում բժիշկները 15-ամյա աղջկա որովայնից ութ կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

ՌԴ-ում բժիշկները 15-ամյա աղջկա որովայնից ութ կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Նիժնևարտովսկի վիրաբույժները 15-ամյա աղջկա որովայնի խոռոչից հեռացրել են ութ կիլոգրամանոց ուռուցք՝  Telegram-ի ալիքում հայտնել է Յուգրայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Դոբրովոլսկին։

«Նիժնևարտովսկի մանկական հիվանդանոցի վիրաբույժները մոտ ութ կիլոգրամ կշռող ուռուցք են հեռացրել 15-ամյա հիվանդի որովայնից, տերատոմայի (սաղմնային բջիջներից աճող բարորակ ուռուցք – Խմբ.) երկարությունը հասել էր 42 սանտիմետրի և զբաղեցրել որովայնի խոռոչի գրեթե ամբողջ ծավալը»,- շեշտել է նա։

Անցյալ տարվա հոկտեմբերին աղջիկը նկատել է, որ որովայնը սկսել է մեծանալ, սակայն հիվանդանոց չի դիմել։ Ընտանիքը բժշկի է դիմել միայն չորս ամիս անց, երբ այլևս հնարավոր չէր անտեսել երեխայի մարմնի փոփոխությունները։

Վիրահատության ընթացքում Նիժնևարտովսկի վիրաբույժներին հաջողվել է խուսափել հիվանդի վերարտադրողական օրգանների ամբողջական հեռացումից և պահպանել մայրանալու հնարավորությունը։ Այժմ աղջիկը ապաքինվում է: