Բաթումիի առաջին հանրակրթական դպրոցի տասը աշակերտ այսօր տեղափոխվել են կլինիկա։ Սրա պատճառն այն էր, որ, ըստ տեղեկությունների, յոթերորդ դասարանի աշակերտներից մեկը հավանաբար պղպեղի սփրեյ է բաց թողել, ինչից մի քանի երեխաներ գլխացավեր են ունեցել։
Դպրոցի տնօրեն Նատալյա Մգելաձեի խոսքով՝ աշակերտները բուժհաստատություն են տեղափոխվել՝ կանխարգելման նպատակով։ Նրանք բոլորն իրենց լավ են զգում և շուտով կլքեն կլինիկան։
Տնօրենի խոսքով՝ ինքը դեռ չի կարող հստակեցնել՝ կիրառվե՞լ է պղպեղի սփրեյ, թե՞ ոչ, դա կպարզվի քննության արդյունքում։
«Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում։ Երեխաները գլխացավեր ունեին։ Իհարկե, ես չէի կարող դա առանց ուշադրության թողնել։ Ես ինքս կանչեցի բժիշկներին։ Ուզում եմ վստահեցնել, որ երեխաներին տեղափոխել ենք կլինիկա՝ կանխարգելման նպատակով։ Նրանցից ոչ ոք իրեն վատ չի զգում, և բոլորը շուտով կլքեն կլինիկան: Մնացած մանրամասները կբացահայտվեն հետաքննության արդյունքում»,- ասել է Նատալյա Մգելաձեն։
Դեպքի պատճառով դպրոցում ուսումնական գործընթացը չի ընդհատվել։