Ի՞նչ տվեց մեզ արտերկրում սովորելը. Երեք Նինոծմինդացի երիտասարդներ Եվրոպայում և Ամերիկայում կրթություն ստանալու մասին

Ի՞նչ տվեց մեզ արտերկրում սովորելը. Երեք Նինոծմինդացի երիտասարդներ Եվրոպայում և Ամերիկայում կրթություն ստանալու մասին

Սեդա Արզումանյանը Նինոծմինդա քաղաքից է։ Նա 2022-թվականին FLEX ծրագրով մեկնել է ԱՄՆ և մեկ տարի սովորել Միչիգան ​​նահանգի Ուեյլենդ քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատության 12-րդ դասարանում։ Սեդայի խոսքով, մեկ տարի ապրելով ԱՄՆ-ում, հասկացել է, որ ամենից շատ իրեն դուր է եկել այնտեղի հասարակության  ազատությունը։ Այնտեղ մարդիկ ապրում են իրենց համար և հաշվի չեն առնում ուրիշների կարծիքները։ Նա դարձել է ավելի շփվող և ազատ մտածող:

Սեդան նշում է, որ երկու տարի չի կարողանա մեկնել ԱՄՆ և ընդունվել է Թբիլիսիի բժշկական համալսարան։ Իսկ հետո չի բացառվում, որ կարիերան կշարունակի ԱՄՆ-ում։

Գաղտնիք չէ, որ արևմտյան երկրներում կրթություն ստանալու կարևորագույն առավելությունը բարձրորակ կրթական համակարգերի հասանելիությունն է, որը ճանաչված է համաշխարհային մակարդակով: Արևմտյան երկրների շատ կրթական հաստատություններ բարձր վարկանիշ ունեն և առաջարկում են կրթական ծրագրերի լայն շրջանակ և հետազոտական հնարավորություններ, որոնք կարող են ուսանողներին տալ գերազանց կրթություն և օգնել նրանց զարգացնել արժեքավոր հմտություններ և գիտելիքներ: Ավելին, արևմտյան երկրներում կրթություն ստացած անձինք շատ հաճախ հնարավորություն ունեն ավելի լավ աշխատանք ունենալու և ավելի բարձր աշխատավարձ ստանալու իրենց ստացած որակյալ կրթության, ձեռք բերած հմտությունների և ուսման ընթացքում ստեղծած ցանցերի շնորհիվ: Սա երկարաժամկետ հեռանկարում կարող է բերել ավելի մեծ տնտեսական կայունության և կարիերայի հաջողության:

ԱՄՆ-ում և ԵՄ-ում կրթություն ստանալու կարևորության և առավելությունների մասին զրուցել ենք նաև Անի Էլոյանի և Անի Վարդանյանի հետ: Նինոծմինդայից Անի Էլոյանը 2019 թվականին « Էրազմուս+» ծրագրով, հինգ ամիս ժամկետով ուսումը շարունակել է Իսպանիայի Ալբասետե քաղաքի Կաստիլյա-Լա-Մանչա ինստիտուտում՝ տնտեսագիտության և բիզնեսի բաժնում: Անին ասում է, որ ուսումնառության ընթացքում ոչ մի լուրջ խնդրի չի բախվել: Չնայած  Վրաստանում չկա դեսպանատուն՝ ուսանողական վիզա ստանալու համար նա ստիպված է եղել հասնել Ստամբուլ կարգավորել բոլոր պահանջվող փաստաթղթերը և հաղթահարել է այդ մարտահրավերը ևս:

Անին նշում է, որ ստացած փորձով կիսվել է Վրաստանի իր ընկերների և կուրսեցիների հետ: Նա խորհուրդ է տալիս  ուսանողներին մասնակցել նմանատիպ կրթական ծրագրերի:

Մեր երրորդ զրուցակիցը  Անի Վարդանյանն է՝ կրկին Նինոծմինդայից։ Կրթություն ստանալու նպատակով նա Գերմանիա է մեկնել 2016 թվականին «Au Pair» ծրագրով: IAPA-ն  հանդիսանում է համաշխարհային առաջատար երիտասարդական, ուսանողական, կրթական, միջազգային փոխանակման հիմնադիր կազմակերպություն, որը գործում է 1994 թվականից: Այն իրականացնում է աշխատանք և ուսում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Անին մեկնելուց առաջ չի տիրապետել պետական լեզվին, սակայն հաջողվել է մի տարվա ընթացքում սովորել լեզուն, հանձնել  քննություն և ստացած հավաստագրի հիման վրա ընդունվել  համալսարան։

Անին որպես առավելություն նշում է, որ եվրոպական երկրներում աշխատանք գտնելը շատ հեշտ է և ինքնուրույն հնարավոր է հոգալ ուսման ծախսերը, ինչը շատ կցանկանար, որ լիներ նաև Վրաստանում: Գերմանիան Անիին տվել է ինքնուրույնություն և դժվարություններից չվախենալու ունակություն։

Հարցազրույցը լսեք ստորև տեղադրված ձայնագրությունում.

Radio NOR · Արեւմտյան Երկրներում Կրթություն Ստանալու Առավելությունները.MP3

Վերջին տասնամյակում առավելապես մայրաքաղաք Թբիլիսիում, որոշակիորեն նաև Նինոծմինդայում երիտասարդների շրջանում աճել է արտասահմանում կրթություն ստանալու ձգտումը։ Արևմտյան երկրներում սովորելը  ուսանողներին գրավում է  տարբեր մշակույթների հետ ծանոթանալու տեսանկյունից ևս, ինչը կարող է ընդլայնել նրանց մտահորիզոնը և բարձրացնել նրանց պատկերացումները աշխարհի մասին: Սա կարող է բարձրացնել մշակութային իրազեկվածության, հանդուրժողականության մակարդակը և բազմազանության նկատմամբ հարգանքը, որոնք կարևոր հմտություններ են այսօրվա գլոբալացված աշխարհում: