Ե՞րբ ներկել ձուն կամ ե՞րբ գնալ գերեզմանատուն

Ե՞րբ ներկել ձուն կամ ե՞րբ գնալ գերեզմանատուն

Ապրիլի 9-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Զատիկը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: 

Թեև այս տոնը երկար դարերի պատմություն ունի, սակայն շատերը չգիտեն՝ ինչ է ընդունված անել այդ օրը, և ինչն է հայ եկեղեցին արգելում։

Ամեն տարի հայ տնտեսուհիները երկընտրանքի առաջ են կանգնում` երբ ներկել ձուն` ուրբաթ, թե՞ շաբաթ։ Շատերը խորամուխ չլինելով տոնակատարության իմաստի մեջ` նախընտրում են ձուն ուրբաթ ներկել, ինչը Հայ Առաքելական եկեղեցու համար անընդունելի է։

Ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո, այլ ոչ թե ուրբաթ, ինչպես շատերն են անում։

Փլավ` առանց չամիչի

Եկեղեցական տոնական ավանդույթները չիմացող որոշ մարդիկ կարծում են, եթե վերջերս նրանց տանը մարդ է մահացել, ապա պետք է առաջին Զատիկն այլ կերպ նշեն։ Ավանդաբար Զատիկի սեղանին մատուցում են չամիչով փլավ, խաշած ձուկ, ներկած ձու, կանաչեղեն։ Նրանք, ում տանը մարդ է մահանում առաջիկա Զատիկին փլավն առանց չամիչի են պատրաստում, կամ ձուն չեն ներկում ինչը սխալ է։

Սուրբ Զատկի տոնի հետ կապված նաև այլ նախապաշարումներ կան մեր ժողովրդի կենցաղում` օճառով ձեռքերը չեն լվանում, կար չեն անում և այլն: Սակայն Եկեղեցին երբեք այսպիսի հրահանգներ չի տվել հավատացյալներին, և սրանք ևս համարվում են անտեղյակությունից բխող անիմաստ սնոտիապաշտություններ:

Կիրակի, թե՞ երկուշաբթի

Պարզվում է, Հայ Առաքելական եկեղեցին արգելում է նաև նախատոնական շաբաթ և կիրակի օրերին գերեզմանոց այցելել։ Դրա համար եկեղեցին հատուկ օր է առանձնացրել՝ գլխավոր եկեղեցական տոներին հաջորդող երկուշաբթին։ Հանգստյան օրերին գերեզմանոց այցելելու ավանդույթը Խորհրդային ժամանակվանից է մնացել։ Այն ժամանակ ընդունված չէր մեռելոց նշել, ու մարդիկ հանգստյան օրերին էին գերեզմանոց գնում։