Եվրոպայի օրը վերադառնում է Թբիլիսի

Եվրոպայի օրը վերադառնում է Թբիլիսի

Նշեք ձեր օրացույցում մայիսի 6-ը. Եվրոպայի օրը վերադառնում է Թբիլիսի

Վրաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է, որ համավարակով պայմանավորված դադարից հետո «Եվրոպայի օրը» վերադառնում է Թբիլիսի։

Մայիսի 6-ին տեղի կունենա հանրային մեծ միջոցառում, որի շրջանակում Պատվիրակությունը Expo Georgia-ն կվերածի վայրի, որտեղ դուք կարող եք ավելին իմանալ Եվրամիության անդամ երկրների եւ Վրաստանում ԵՄ գործունեության մասին, զվարճանալ ու փորձել ԵՄ նախագծերի միջոցով աջակցություն ստացող տեղացի ֆերմերների եւ ձեռնարկատերերի կողմից արտադրված համեղ ուտեստները:

Եվրոպայի օրվա ընթացքում կարող եք լսել հայտնի վրացիների, ովքեր կկիսվեն իրենց պատմություններով առ այն, թե ինչ նշանակություն ունի Եվրոպան իրենց համար, ծանոթանալ ԵՄ անդամ երկրների բազմազանությանն ու մշակույթներին, ինչպես նաեւ հանդիպել երիտասարդ եվրոպական դեսպաններին, որոնք ներկայացնում են Եվրոպական միության կողմից 2016 թվականին ստեղծված ու 34 տարբեր ազգության ավելի քան 900 երիտասարդներից բաղկացած ցանցը։

Հավելյալ տեղեկատվություն շուտով կհրապարակվի Վրաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում։

Եվրոպական միությունը 2024 թ-ից գործարկում է առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող երկրների համար ճանապարհորդության թույլտվության համակարգը

2024 թվականից ԵՄ տարածք առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող աշխարհի բոլոր 59 երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիները պարտավոր են ստանալ ETIAS (Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության եւ թույլտվության համակարգ) ճանապարհորդության թույլտվություն: Սա Շենգենյան 27 երկրներ, ինչպես նաեւ Բուլղարիա, Ռումինիա կամ Կիպրոս մուտք գործելու համար Եվրոպական միության կողմից ներդրված նոր պահանջն է:

ETIAS-ը ճանապարհորդության թույլտվություն է, այլ ոչ թե վիզա:

ETIAS ճանապարհորդության թույլտվություն ունենալու դեպքում դուք կկարողանաք 90 օր մնալ եվրոպական 30 երկրներում՝ ցանկացած 180 օրվա ընթացքում:

ETIAS-ի համար դիմելիս պետք է ունենալ 3 ամսից ավելի վավերականության անձնագիր, տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, լրացնել առցանց ձեւաթուղթը եւ վճարել 7 եվրո վճար։

ETIAS-ի պաշտոնական կայքը միակն է՝ europa.eu/etias: Դիմումի ձեւը հասանելի կլինի նշված կայքում՝ համակարգի գործարկվելուն պես:

Վրաստան. ԵՄ-ն եւ ՄՄԿ մեքենաներ եւ ժամանակակից սարքավորումներ են փոխանցել Վախթանգիսիի սահմանապահներին

Եվրոպական միությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ միասին մեքենաներ եւ ժամանակակից սարքավորումներ է փոխանցել Ադրբեջանի հետ սահմանի մոտ գտնվող Վախթանգիսի գյուղի սահմանապահներին։

«Եվրոպական միության ֆինանսավորմամբ [ձեռք բերված] նոր սարքավորումները կամրապնդեն Սահմանային ոստիկանության կարողությունները Վրաստանի արտաքին սահմանը պաշտպանելիս եւ կօգնեն նրանց ավելի լավ արձագանքել անօրինական գործողություններին, այդ թվում՝ թրաֆիքինգին», – ասել է Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պավել Հերչինսկին։

Տրանսպորտային միջոցներն ու սարքավորումները տրամադրվել են ՄՄԿ-ի «Աջակցություն Վրաստանի սահմանների ինտեգրված կառավարմանը» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում:

Վրաստան. ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն աջակցում են Իմերեթում թափոնների կառավարման բարելավմանն ուղղված համագործակցությանը

ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն աջակցում են Վրաստանի Իմերեթի շրջանի տասներկու մունիցիպալիտետների եւ թափոնների ու փաթեթավորման ոլորտներում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների միջեւ ստորագրված գործընկերության համաձայնագրին՝ նպատակ ունենալով զարգացնել թափոնների կառավարման ավելի լավ, ավելի արդյունավետ եւ կայուն համակարգեր:

«Թափոնների հավաքման, տարանջատման եւ վերամշակման ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության զարգացումը կարեւոր է շրջանաձեւ տնտեսության համար, քանի որ այն թույլ է տալիս ռեսուրսները հավաքել եւ օգտագործել ավելի արդյունավետ»,- ասվում է ՄԱԶԾ-Վրաստանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նախաձեռնությունն իրականություն է դարձել Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-Վրաստանի կողմից իրականացվող «ԵՄ նորարարական գործողություն՝ Վրաստանում մասնավոր հատվածի եւ մրցունակության համար» ծրագրի աջակցությամբ՝ ավելի լայն «EU4Business» ծրագրի շրջանակներում։

Գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է տասներկու մունիցիպալիտետների եւ Փաթեթավորման համաշխարհային կազմակերպության, Վրաստանի փաթեթավորման թափոն արտադրողների «Ջորջիա պլյուս» միության, PMAG փաթեթավորման կլաստերի եւ Վրաստանի թափոնների կառավարման ասոցիացիայի միջեւ:

«ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագիրը ստեղծում է արդար զբաղվածության վերաբերյալ տելեգրամյան չատբոտ-խաղ վրացի եւ մոլդովացի երիտասարդների համար

«EU4YOUTH՝ երիտասարդների զբաղվածություն եւ ձեռներեցություն» ծրագիրը ստեղծել է տելեգրամյան @fairemployment չատբոտ-խաղը, որի նպատակն է բարձրացնել արդար զբաղվածության պրակտիկաների եւ չափանիշների վերաբերյալ իրազեկության մակարդակն ու նպաստել դրանց ավելի լավ ըմբռնմանն ինչպես երիտասարդների, այնպես էլ գործատուների շրջանում:

@fairemployment-ը խաղացողներին տանում է ուսումնական ճամփորդության, որտեղ նրանք ընտրում են՝ լինել գործատու կամ աշխատող, եւ մի շարք սցենարների միջոցով ստուգում է արդար աշխատանքային պրակտիկաների վերաբերյալ նրանց գիտելիքները:

Սա չորսփուլանի խաղ է, որը կրկնօրինակում է նախնական հարցազրույցի, հարցազրույցի եւ պայմանագրի փուլերը, որտեղ մասնակիցները պատասխանում են երեք հարցի եւ իրենց պատասխանների հիման վրա ծանոթանում ռիսկային ոլորտներին, իսկ խաղի վերջում իրենց համար բացահայտում են աշխատողների իրավունքների խախտումները եւ ռիսկային ոլորտները:

Խաղը հասանելի է Telegram հավելվածում՝ ռումիներեն եւ վրացերեն լեզուներով։

«EU4YOUTH՝ երիտասարդների զբաղվածություն եւ ձեռներեցություն» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից եւ իրականացվում է Լիտվայի Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (CPMA) կողմից: Այն նպատակ ունի տարածել տեղեկատվություն կարիերայի ուղղորդման գործընթացի, աշխատաշուկայի, անհատական զարգացման եւ երիտասարդների համար արժանապատիվ աշխատանքի չափանիշների մասին:

Եվրոպական համերաշխության կորպուս. մեկ տարի տեւողությամբ կամավորության հնարավորություն Լեհաստանում Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդների համար

Լեհական INPRO կազմակերպությունը հրավիրում է անհատների կամ լրատվամիջոցների և տեխնոլոգիաների հետ աշխատանքով հետաքրքրված երիտասարդ կամավորներին Հայաստանից ու Վրաստանից՝ 2023 թվականի հուլիսի կեսերից 12 ամսով միանալու իր գործունեությանը:

INPRO-ն տեղակայված է Լեհաստանի հարավ-արևելյան Ստորկարպատյան վոյեվոդության (շրջանի) մայրաքաղաք Ժեշուվում:

Կամավորները կարող են ներգրավվել այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են տեղի երիտասարդների համար սեմինարների կազմակերպումը, բաց միջոցառումների անցկացումը, դպրոցներ այցելությունները և Եվրոպական համերաշխության կորպուսի առաջմղումը, ինչպես նաև վարչական կամ ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի հետ կապված աշխատանքներին օժանդակությունը: Ընտրված թեկնածուն կարող է նաև նախաձեռնել իր սեփական նախագծերը/միջոցառումները/գործունեությունը:

INPRO-ն չի փոխհատուցի վիզայի ծախսերը, սակայն կտրամադրի ճանապարհածախսի փոխհատուցում, ինչպես նաև ամսական 150 եվրո՝ գրպանի ծախսերի և 150 եվրո էլ սննդի համար: Կամավորները կտեղավորվեն 6 կամավորների համար նախատեսված 3 սենյականոց բնակարանում։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 17-ը։

Եվրոպական համերաշխության կորպուս. կամավորության հնարավորություն Լեհաստանի Վրոցլավ քաղաքում

Լեհական «Fundacja Integracji Społecznej Prom» հասարակական կազմակերպությունը հրավիրում է կամավորների Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Ուկրաինայից միանալու իր նախագծին, որի նպատակն է հաղթահարել մշակութային եւ սոցիալական խոչընդոտները տեղական համայնքի հետ մշակութային փոխանակման միջոցով:

Փոխանակումը տեղի կունենա hիմնադրամի՝ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում գտնվող գրասենյակում՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2024 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում: Կամավորների պարտականությունները ներառում են սոցիալական ցանցերում ՀԿ-ի էջերի համար բովանդակության ստեղծում (լուսանկարահանում, տեսանկարահանում, գրառումների հրապարակում, Canva-ում ձեւանմուշների ձեւավորում) եւ միջոցառումների կազմակերպմանն աջակցություն։

Մասնակիցները կտեղավորվեն երկտեղանոց սենյակում՝ մյուս մասնակիցների հետ համատեղ բնակարանում: Նրանք կստանան ամսական դրամական փոխհատուցում սննդի (500 լեհական զլոտի) եւ գրպանի ծախսերի (150 եվրո) համար: Ծրագիրը կփոխհատուցի նաեւ դեպի Վրոցլավ ճանապարհածախսն ու տեղական տրանսպորտային ծախսերը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։

Ընդհանուր անցյալի վերագնահատում. EU4Dialogue-ի ամառային դպրոցի հրավեր Հարավային Կովկասի եւ Մոլդովայի պատմաբանների համար

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «EU4Dialogue» ծրագիրը կազմակերպում է մեկշաբաթյա ամառային դպրոց Հարավային Կովկասի եւ Մոլդովայի երիտասարդ պատմաբանների համար, որը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 12-ից 18-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի մերձակայքում:

«EU4Dialogue: Կրթության եւ մշակույթի միջոցով հարաբերությունների բարելավում» ծրագիրը եւ Տամպերեի համալսարանի Խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտը (TAPRI) ընդունում են դիմումներ «Պատմություն ընդդեմ պատմությունների. ինտերակտիվ մոտեցում՝ վերագնահատելու ընդհանուր անցյալը» ամառային դպրոցին մասնակցելու համար:

Այս կրթական նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի եւ Մոլդովայի ապագա եւ սկսնակ պատմաբանների միջեւ փոխանակմանը, համատեղ ուսուցմանը եւ ցանցերի ստեղծմանը: Այն հնարավորություն կտա ավելացնելու նրանց մասնագիտական փորձն ու գիտելիքները պատմության ուսումնասիրման, դասավանդման եւ ներկայացման այլընտրանքային ուղիների վերաբերյալ: Ամառային դպրոցի կողմից առաջարկվող ուսումնական հնարավորությունները կօգնեն երիտասարդ պատմաբաններին հաղթահարել հակամարտային պատումները եւ պատմությանը նայել ոչ հակամարտային տեսանկյուններից:

Դիմումներն ընդունվում են Հարավային Կովկասից եւ Մոլդովայից (ներառյալ հակամարտությունից տուժած շրջանները) մագիստրատուրայում (1-ին կամ 2-րդ կուրսեր) կամ ասպիրանտուրայում պատմության հետ կապված առարկաներ ուսումնասիրող ուսանողներից։ Դիմորդները պետք է կարողանան ուսանել եւ հաղորդակցվել անգլերենով:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ ճանապարհորդությունը, գիշերակացը, սնունդի կազմակերպումը եւ էքսկուրսիաները ամբողջությամբ փոխհատուցվում են ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի կողմից:

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 8-ն է:

Youth4Regions. մեկնարկել է սկսնակ լրագրողների համար նախատեսված ԵՄ ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը

Եվրոպական հանձնաժողովը հրավիրում է ԱլԳ երկրների լրագրողներին մասնակցելու իր Youth4Regions ծրագրին, որի իրականացումը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից 13-ին: Ծրագիրը տեղի կունենա Բրյուսելում (Բելգիա):

Youth4Regions-ը լրագրության ուսանողներին եւ երիտասարդ լրագրողներին օգնում է բացահայտել, թե ինչ է անում ԵՄ-ն իրենց տարածաշրջանում:

Ծրագիրն առաջարկում է լրագրության եւ ԵՄ համախմբման քաղաքականության վերաբերյալ ուսուցում, ինչպես նաեւ ձեր երկրի կայացած լրագրողների կողմից մենթորություն ստանալու, Տարածաշրջանների եվրոպական շաբաթվա ընթացքում հայտնի լրագրողների հետ կողք կողքի աշխատելու եւ ԵՄ հաստատություններ այցելությունների հնարավորություններ: Մասնակիցները նաեւ հնարավորություն կստանան որպես լրագրող մասնակցելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար դեպի ԵՄ անդամ երկրներ Եվրոպական հանձնաժողովի կազմակերպած շրջագայություններին։

Կեցության, սննդի եւ ճանապարհորդության հետ կապված ծախսերը հոգում է Եվրոպական հանձնաժողովը:

Radio NOR · Եվրոպայի օրը վերադառնում է Թբիլիսի

Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։