Եվրամիությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Վրաստանում աջակցում են մարդու իրավունքների եւ ազատությունների քննարկումներն

Եվրամիությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Վրաստանում աջակցում են մարդու իրավունքների եւ ազատությունների  քննարկումներն

Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ Վրաստանում կիրականացվեն լավ կառավարմանն ուղղված չորս նոր նախագծեր

Եվրոպական միությունը եւ Եվրոպայի խորհուրդը ներկայացրել են չորս նոր նախագծեր, որոնք 2023-2027 թվականներին իրականացվելու են Վրաստանում՝ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երրորդ փուլի (ԳԼԿ III) շրջանակներում:

Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ Վրաստանում կիրականացվեն 3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով չորս կոնկրետ ծրագրեր: Դրանց նպատակն է աջակցել Վրաստանի իշխանություններին՝ ավելի ամրապնդելու արդարադատության անկախությունը եւ դատարանների կառավարման արդիականացումը, ինչպես նաեւ կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի ինստիտուցիոնալ եւ գործառնական շրջանակները, ինչպես նաեւ ատելության խոսքի դեմ պայքարը: ԳԼԿ-ն աջակցություն կտրամադրի Վրաստանին վերջինիս եվրոպական հեռանկարի օրակարգի համատեքստում՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան:

Տարածաշրջանային մակարդակում Վրաստանն այլ երկրների հետ միասին կմասնակցի երեք նախագծերի, որոնք ուղղված են տնտեսական հանցավորության դեմ պայքարին, հավասարության ու հակախտրականության խթանմանը, ինչպես նաեւ կանանց համար արդարադատության մատչելիությանը:

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագիրը Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությունն է՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում լավ կառավարումն ամրապնդելու համար:

Եվրամիությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Վրաստանում աջակցում են մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ հանրային քննարկումների շարքին

Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) սկսել են հանրային քննարկումների շարք, որը կրում է «Զրույցներ մարդու իրավունքների մասին» խորագիրը:

Շարքի նպատակն է համախմբել փորձագետներին, ակտիվիստներին, քաղաքականություն մշակողներին, ուսանողներին, քաղաքացիական հասարակությանը եւ հանրությանը՝ մարդու իրավունքների տարբեր ասպեկտների վերաբերյալ մտքեր փոխանակելու համար:

Շարքի առաջին հանդիպումը կայացել է ապրիլի 28-ին Թբիլիսիի թանգարանների միության շենքում՝ Իլյա Ճավճավաձեի գրականության եւ հիշատակի թանգարանում:

Առաջին միջոցառումը կենտրոնացել էր «Մարդու իրավունքները՝ որպես ժողովրդավարության հիմնաքար» թեմայի վրա, որը ներկայացնում էր վրացի պատմաբան, փիլիսոփա եւ նախկին քաղաքական գործիչ Լեւան Բերձենիշվիլին։

Մարդու իրավունքներին նվիրված զրույցների շարքը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում՝ անդրադառնալով մարդու իրավունքներին առնչվող մի շարք հիմնախնդիրների, ներառյալ՝ գենդերային հավասարությունը, բնապահպանական արդարադատությունը, աշխատանքային իրավունքները եւ խոսքի ազատությունը: Ամենամսյա միջոցառումները բաց կլինեն հանրության համար՝ հնարավորություն տալով շփվելու եւ երկխոսության մեջ ներգրավվելու փորձագետների եւ քաղաքականություն մշակողների հետ:

EU4Climate. Վրացական դպրոցները որմնանկարչությունը կիրառում են կլիմայի փոփոխության դեմ պայքարը խթանելու համար

«Բեսիկ Նիպարիշվիլի» բազմապրոֆիլ դպրոց-գիմնազիայի եւ Թբիլիսիի թիվ 145 հանրակրթական դպրոցի աշակերտներն իրենց դպրոցի շենքերի պատերը զարդարել են հատուկ որմնանկարներով՝ այդպիսով կիսվելով մոլորակը պաշտպանելու հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին ուղերձով:

Այս որմնանկարներով դպրոցականները նպատակ ունեն խթանել կլիմայի փոփոխության թեմայով փողոցային արվեստը ողջ Վրաստանում:

Մտածելու տեղիք տվող այս որմնանկարները ստեղծվել են Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ ՄԱԶԾ – Վրաստանի աջակցությամբ՝ տեղական «Let’s do it – Georgia civil society» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում իրավիճակը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի քննարկման առանցքում

Ապրիլի 24-ին կայացել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստը, որի առաջնահերթ թեմաներն էին իրավիճակը Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան տեսակոնֆերանսի միջոցով դիմել է ԵՄ նախարարներին ու նրանց ներկայացրել տեղում վերջին զարգացումները եւ Ուկրաինայի ռազմական առաջնահերթություններն ու կարիքները, հատկապես զինամթերքի եւ հրթիռների առումով:

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ԵՄ-ն եւ նրա անդամ երկրներն Ուկրաինային արդեն իսկ տրամադրել են ավելի քան 13 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն։

Նա նախարարներին նաեւ տեղեկացրել է եռամակարդակ պլանի շրջանակներում ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության մասին։ Առաջին մակարդակում ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում հաստատել է 1 միլիարդ եվրո արժողությամբ աջակցության միջոցառումը՝ Ուկրաինայի ամենահրատապ կարիքները հոգալու համար: ԵՄ անդամ երկրներն արդեն ավարտում են երկրորդ մակարդակի ուղղությամբ աշխատանքը՝ համատեղ գնումները դյուրացնելու համար: Վերջապես, Եվրոպական հանձնաժողովը շուտով կներկայացնի կոնկրետ առաջարկներ այն մասին, թե ինչպես կարելի է ամրապնդել եվրոպական ռազմարդյունաբերական կարողությունները երրորդ մակարդակի շրջանակներում:

Նախարարները տեղեկացել են նաեւ Ուկրաինային աջակցող ԵՄ ռազմական աջակցության առաքելության (EUMAM Ukraine) գործունեության մասին, որն արդեն գերազանցել է իր նախնական նպատակը՝ վերապատրաստելով ավելի քան 16 000 ուկրաինացի զինվորականների։ ԵՄ-ն մտադիր է մինչեւ 2023 թվականի ավարտը պատրաստել ընդհանուր առմամբ 30 000 զինվորական։

ԵՄ արտաքին գործերի նախարարները նաեւ ոչ պաշտոնական քննարկում են ունեցել Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ եւ հաստատել, որ երկիրը զգալի առաջընթաց է գրանցել բազմաթիվ առանցքային բարեփոխումների ուղղությամբ: Նրանք նաեւ ընդգծել են, որ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը եւ անկախ պետական ինստիտուտները առանցքային տարրեր են ԵՄ-ին միանալու ձգտում ունեցող յուրաքանչյուր երկրի համար։

Ինչ վերաբերում է Մոլդովային, Արտաքին հարաբերությունների խորհուրդը ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում հիմնել է նոր քաղաքացիական առաքելություն (EUPM Moldova), ինչպես նաեւ լայն համաձայնություն ձեռք բերել երկիրն ապակայունացնելու փորձ անողների դեմ պատժամիջոցների նոր շրջանակի եւ Մոլդովայի պաշտպանունակությանն աջակցելու նպատակով Խաղաղության եվրոպական հիմնադրամից լրացուցիչ 40 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ:

Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՆԲ-ն հատկացրել են 18 միլիարդ եվրո՝ գործընկեր երկրներում կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ տնտեսությունների կայունացմանն աջակցելու նպատակով

Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հայտարարել են գործընկեր երկրների համար Եվրոպայի ներդրումային ռազմավարության՝ Global Gateway-ի շրջանակներում 18 միլիարդ եվրոյի ֆինանսավորման հատկացման մասին։

Այս ֆինանսավորումը կխթանի ԵՄ գործընկեր երկրներում ներդրումները Global Gateway-ի առաջնահերթ ոլորտներում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքար, մաքուր էներգիա եւ կապակցելիությունը: Մասնավորապես, այս նախագծերն ուղղված են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման համաշխարհային խզվածքի հաղթահարմանը։

Նյու Յորքում կայացած Global Citizen NOW գագաթնաժողովում ունեցած ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Global Gateway-ը ներդրումներ է կատարում այն նախագծերում, որոնց կարիքն ունեն մեր գործընկերները՝ բնական ռիսկերի կանխարգելումից մինչեւ մաքուր տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքներ:  Այս 18 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը թույլ կտա արագորեն գործարկել ավելի շատ նման նախագծեր: Global Gateway-ը կօգնի հարմարվել կլիմայի փոփոխությանը ողջ աշխարհում՝ բարելավելով մարդկանց կյանքը եւ ավելի դիմակայուն դարձնելով մեր գործընկերներին»:

Global Gateway-ը նպատակ ունի 2021-ից 2027 թվականների ընթացքում մոբիլիզացնել 300 միլիարդ եվրո ներդրումներ՝ դրամաշնորհների, արտոնյալ վարկերի եւ երաշխավորությունների տեսքով՝ մասնավոր հատվածի ներդրումները ռիսկից զերծ պահելու համար:

Դիմեք այս տարվա հոկտեմբերին Մադրիդում կայանալիք Համաշխարհային մշակութային հարաբերությունների ծրագրին

Եվրամիության ֆինանսավորմամբ գործող Մշակութային հարաբերությունների հարթակը փնտրում է մշակույթի և ստեղծարարության ոլորտներում աշխատող կամ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող 40 մասնագետների և ձեռներեցների ամբողջ աշխարհից՝ իր Համաշխարհային մշակութային հարաբերությունների ծրագրին (GCRP) միանալու համար։

Այս վերապատրաստման ծրագիրը կյանքի հմտություններ զարգացնելու, գիտելիքներն ընդլայնելու, միջազգային ցանց ձևավորելու և միջդիսցիպլինար միջմշակութային համագործակցության մեջ ներգրավվելու հնարավորություն է տալիս։

Մասնակիցները պետք է լինեն 25-39 տարեկան, ունենան միջազգային համագործակցության առնվազն երեք տարվա փորձ, աշխատեն պետական, մասնավոր կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունում կամ լինեն ֆրիլանսեր:

GCRP ծրագիրն այս տարի կկայանա հոկտեմբերի 10-13-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Ծրագրի անցկացման լեզուն անգլերենն է։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 28-ը։ 

Եռամսյա կեցության հնարավորություն Պրահայում՝ քաղաքացիական հասարակության առաջնորդների, լրագրողների, փորձագետների եւ ակտիվիստների համար. դիմելու վերջնաժամկետը մայիսի 15-ն է

Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի կրթաթոշակային ծրագիրը քաղաքացիական հասարակության առաջնորդներին, լրագրողներին եւ ակտիվիստներին առաջարկում է եռամսյա կեցություն Պրահայում՝ մտածելու, ուժերը վերականգնելու, կապեր հաստատելու, նոր հնարավորություններ ուսումնասիրելու եւ սեփական նախագծերի վրա աշխատելու համար:

2023-2024թթ. կրթաթոշակները կտրամադրվեն երեք փուլով՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, 2024 թվականի փետրվարի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը եւ 2024 թվականի մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 31-ը:

Այս հնարավորությունը բաց է լրագրողների, փորձագետների, հետազոտողների, իրավապաշտպանների, բնապահպանական, մշակութային եւ քաղաքային ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական խմբերի անդամների համար, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:

Ծրագիրը հիմնականում բաղկացած է լինելու չեխական ՀԿ-ների եւ վերլուծական կենտրոնների հետ հանդիպումներից, ծրագրերի մշակման եւ դրամահայթայթման վերաբերյալ սեմինարներից, այլ գործընկերների հետ փորձի փոխանակումից եւ ձեր նախագծի ուղղությամբ անհատական աշխատանքից:

Նախագծերը կարող են ուղղված լինել առաջնորդական նոր նախաձեռնություններին, քաղաքացիական հատվածի կայունությանը, հետաքննություններին եւ շահերի պաշտպանությանը, հետազոտությունների իրականացմանը եւ հակապատերազմական ու ապագաղութատիրական նախաձեռնություններին:

Կենտրոնը կհոգա ճանապարհածախսը, կտրամադրի կացարան եւ փոքր օրական նպաստ Պրահայում ապրելու համար, ինչպես նաեւ կաջակցի վիզա ստանալու հարցում: Մասնակիցը կունենա նաեւ ինտերնետով եւ տպիչ սարքով հագեցած ընդհանուր գրասենյակային տարածք մուտքի հնարավորություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։

Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնն աջակցում է քաղաքացիական հասարակությանը եւ անկախ լրատվամիջոցներին՝ որպես Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում սոցիալական փոփոխությունների եւ առաջընթացի հիմնական շարժիչ ուժեր: Այն, ի թիվս այլ դոնորների, ֆինանսավորում է ստանում Եվրոպական հանձնաժողովից:

Սեպտեմբերի 6-ից 7-ը Էստոնիայում կայանալիք Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գագաթնաժողովին մասնակցության համար գրանցումն արդեն բաց է

2023 թվականի սեպտեմբերի 6-ից 7-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում՝ Տելլիսկիվի ստեղծարար քաղաքում, կկայանա Բաց կառավարման գործընկերության 8-րդ համաշխարհային գագաթնաժողովը։

ԲԿԳ գագաթնաժողովին մասնակցությունը բաց է ԲԿԳ անդամ երկրների կառավարությունների եւ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ընդհանրապես բաց կառավարման համայնքի ներկայացուցիչների համար։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի մինչեւ 2 000 մարդ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ եւ քաղաքականություն մշակողներ ամբողջ աշխարհից:

Գագաթնաժողովը կանդրադառնա թվային դարաշրջանում բաց կառավարման դերին, ինչպես նաեւ կառավարումն ու քաղաքականության մշակումն ավելի թափանցիկ եւ հաշվետու դարձնելու եւ ժողովրդավարությունը պահպանելու հարցերում տեխնոլոգիաների ներուժին։

ԲԿԳ 8-րդ գլոբալ գագաթնաժողովին ընդառաջ՝ սեպտեմբերի 5-ին, կկայանա դասընթացներից, աշխատաժողովներից եւ քննարկումներից բաղկացած հավաք, որին կմասնակցեն կառավարությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ շահագրգիռ կողմերը, որոնք ազգային եւ տեղական մակարդակներում ղեկավարում են ԲԿԳ գործընթացները:

Գրանցումը բաց է մինչեւ մայիսի 28-ը։ Լրատվամիջոցների հավատարմագրումը կբացվի ամռան երկրորդ կեսին։

Բաց կառավարման գործընկերությունը (ԲԿԳ) ներառում է 75 երկիր եւ 106 տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ներկայացնում են ավելի քան երկու միլիարդ մարդ, ինչպես նաեւ հազարավոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններ: ԲԿԳ-ն իրականացնում է Արեւելյան գործընկերության համար «ԵՄ հանուն բարեվարքության» ծրագիրը՝ բազմամյա համագործակցություն, որի նպատակն է ավելացնել տարածաշրջանի բարեփոխիչներին հասանելի աջակցությունն ու ռեսուրսները՝ խորացնելու բարեփոխումները եւ խթանելու նորարար գաղափարները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանրային ծառայությունների մատուցումը եւ բաց լինելը:

Զբոսաշրջության զարգացմանը, քաղաքների վերականգնմանը եւ տնտեսական ակտիվությանն ուղղված դրամաշնորհային մրցույթ Վրաստանի մունիցիպալիտետների համար

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության վրաստանյան գրասենյակը (GIZ Georgia) Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «EU4ITD – Տնտեսական եւ սոցիալական կյանքի կատալիզատոր» նախաձեռնության շրջանակներում հայտարարում է նախագծերի գաղափարների մրցույթ՝ նպատակ ունենալով հավասարակշռել տնտեսական եւ սոցիալական կյանքը Վրաստանում, նվազեցնել տարածաշրջանային միգրացիոն գործընթացները եւ զարգացնել մարզային կենտրոնները։

Մրցույթը կֆինանսավորի Գուրիայի, Իմերեթի, Կախեթի, Ռաճա-Լեչխումի եւ Քվեմո-Սվանեթի մունիցիպալիտետներից ներկայացված տարածաշրջանային նախագծերը երեք առաջնահերթ ոլորտներում՝ քաղաքների վերականգնում, զբոսաշրջության զարգացում եւ եկամուտների ստեղծում/տնտեսական ակտիվացում:

Յուրաքանչյուր դրամաշնորհի նվազագույն չափը 50 000 լարի է: Դրամաշնորհի առավելագույն գումարը տատանվում է՝ կախված ծրագրի ուղղությունից. քաղաքների վերականգնմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագծերի համար այն կազմում է 800 000 լարի, իսկ եկամուտների ստեղծմանն/տնտեսական ակտիվացմանն ուղղված նախագծերի համար՝ 500 000 լարի։

Առաջարկների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 30-ը:

Asya Isoyan · Եվրամիությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Վրաստանում աջակցում են մարդում

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:


Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։