Ախալքալաքի մունիցիպալիտետում ջրծաղիկ է տարածվել: Մեկ մանկապարտեզ փակվել է՝ կարանտինի, երկրորդը հնարավոր է ևս փակվի օրվա ընթացքում:
Ախալքալաքում ջրծաղիկ է տարածված, Դիլիսկա գյուղի մանկապարտեզն արդեն կարանտինի մեջ է, իսկ Խուլգումո գյուղի մանկապարտեզը, որը ընդամենը մեկ շաբաթ առաջ էր դուրս եկել կարանտինից, ինչպես ասում է Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը՝ կրկին կարանտինի կանցնի:
«Մեզ մոտ տարածված է ջրծաղիկ: Դիլիսկա գյուղի մանկապարտեզում ջրծաղիկի միայն 10 դեպք է եղել, Խուլգումո գյուղի մանկապարտեզը մեկ անգամ 21 օրով փակվել է, ապա բացվել է և մեկ շաբաթից ստիպված ենք կարանտինի անցնել, քանի որ դաստիարակներից սկսած վարակվել են ջրծաղիկով»,- ասում է Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում վիրուսային էթիոլոգիայի սուր ինֆեկցիոն հիվանդության՝ ջրծաղիկի տարածման մասշտաբները դեռ հայտնի չեն, ՀԱԿ-ը գյուղական բուժքույրերի օգնությամբ փորձում է պարզել դա։
«Ջրծաղիկը հայտնաբերվել է Դիլիսկա և Խուլգումո գյուղերում: Դիլիսկայի մանկապարտեզը փակվել է կարանտինի պատճառով, իսկ այսօր մենք կփակենք, ամենայն հավանականությամբ, Խուլգումո գյուղի մանկապարտեզը։ Մենք խորհրդակցում ենք մեր բուժքույրերի հետ՝ պարզելու, թե որքան ջրծաղիկի վարակման դեպք է տարածված այլ գյուղերում, սակայն գյուղերի դպրոցներում և մանկապարտեզներում տիրող իրավիճակի մասին տեղեկություն առայժմ չկա»,- ասում է Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։jnews.ge