Առողջ ապրելակերպի պահպանումը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը 8 տոկոսով եւ ավելի․

Առողջ ապրելակերպի պահպանումը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը 8 տոկոսով եւ ավելի․

Նյուքասլի համալսարանի գիտնականները հաստատել են, որ ավելի առողջ ապրելակերպի պահպանումը, ներառյալ առողջ մարմնի քաշի պահպանումը եւ կարմիր եւ վերամշակված մսի օգտագործումը սահմանափակելը, նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը: Հետազոտությունը հրապարակվել է Cancer ամսագրում:

Գիտնականները կատարել են 18 ուսումնասիրությունների համակարգված վերանայում եւ մետա-վերլուծություն, որոնք ուսումնասիրել են Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի (WCRF) եւ Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի (AICR) 2018 թ. առաջարկությունների համապատասխանության եւ տարբեր քաղցկեղների դեպքերի միջեւ կապերը: Նրանք պարզել են, որ այս ուղեցույցներին համապատասխանությունը գնահատելու համար օգտագործվող հարցաթերթիկի յուրաքանչյուր 1 միավորի աճը հանգեցրել է աղիքի քաղցկեղի ռիսկի 12 տոկոսով նվազեցմանը, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի 11 տոկոսով նվազեցմանը եւ թոքերի քաղցկեղի հավանականության 8 տոկոսով նվազեցմանը:

Առաջարկությունների թվում են՝ առողջ քաշի պահպանում, ֆիզիկական ակտիվություն, ծխելը դադարեցնելը, ալկոհոլի, արագ սննդի, կարմիր մսի եւ շաքարի սահմանափակումը: Դիետային արժե ավելացնել ավելի շատ բանջարեղեն, մրգեր, ամբողջական ձավարեղեն եւ լոբազգիներ:  

Նախորդ ուսումնասիրություններն ապացուցել են, որ մեծ քանակությամբ կարմիր եւ վերամշակված միս ուտելը մեծացնում է աղիների քաղցկեղի, իսկ ալկոհոլ օգտագործելը՝ կրծքագեղձի, աղիների եւ կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Քաղցկեղի բոլոր դեպքերի մոտավորապես 40 տոկոսը կապված է կյանքի փոփոխվող գործոնների հետ՝ ֆիզիկական ակտիվության բացակայություն, ծխախոտի օգտագործում, գիրություն, վատ դիետա եւ ալկոհոլի օգտագործում, ինչը ենթադրում է, որ շատ դեպքեր կարող են կանխվել:  

News.amhttps://med.news.am/arm/news/34152/aroxj-aprelakerpi-pahpanumy-nvazecnum-e-qaxckexi-zargacman-risky-8-tokosov-ev-aveli%E2%80%A4-cancer-%C2%A0%C2%A0.html