Առաջին անգամ Ջիգրաշեն և Մամզարա գյուղերում անցկացվեց հարիսայի փառատոն, որը նախորդում է Բուն Բարեկենդանի տոնին:
Մեծ Պահքին նախորդող տոնին Ջիգրաշենի և Մամզարայի եկեղեցիներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը օրհնեց հարիսայով լի կաթսան և տերունական աղոթքից հետո այն բաժանվեց հավաքված մարդկանց:
Հարիսան ձավարից, հավի արգանակից և մսից պատրաստված շիլա է: Արգանակի մեջ լցված ձավարը եփվում է մսի հետ միասին երեք ժամ շարունակ և համարվում է պատրաստ, երբ այն եփվելով դառնում է միասեռ: Այնուհետև ավելացնում են աղ, պղպեղ, յուղ, և հարիսան կարելի է արդեն ճաշակել:
Տոնը իրենց գեղեցիկ պարային համարներով գեղեցկացրին Ջիգրաշեն գյուղի “Նաիրի” համույթը` պարուսույց Լուսինե Մզիկյանի ղեկավարությամբ:
Քահանա Տեր Արմաշ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց կնքահայրեր Գարեգին Մանուկյանին և Մնացական Կարապետյանին գյուղերում տոնի կազմակերպմանն աջակցելու համար: Քահանան պատմեց նաև տոնի խորհրդի մասին` բնակիչներին կոչ անելով տոնի ավանդույթները փոխանցել սերնդե սերունդ:
Նշենք, որ փետրվարի 11-ին` Բուն Բերեկենդանի տոնին, հարիսայի փառատոն կանցկացվի նաև Նինոծմինդա քաղաքում:
Նյութը պատրաստեց Բորիս Ղարսլյանը