Մեր անցած նյութերից մեկում նշել էինք, որ Սամվել Մկոյանը, ով ՋԱՀ-ի (Ջավախքին աջակցություն հիմնադրամ) տնօրենն է, որոշել էր կազմել հավաքական թիմ Ջավախքից, որը կմասնակցեր Հայաստանում՝ Շանթ հեռուստաընկերության «Հումորի լիգա 3» նախագծին և կներկայացներ Ջավախքի հումորը: Մտահաղացումը իրագործվեց:
Ջաքվախքի հումորի հավաքականը կազմված է թվով 5 մասնակիցներից, ովքեր Երևանում՝ Շանթ հեռուստաընկերությունում, արդեն մի շաբաթից ավել է ինչ քրտնաջան աշխատում են, որպեսզի լավ հանդես գան ժյուրիի և հանդիսատեսի համար: Թիմի մասնակիցներն են՝ NOR ռադիոյի լրագրող Մարտին Արոյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից, Վելիխան Ավագյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղից, Մամիկոն Մարգարյանը եւ Մանվել Սահարյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղից եւ Ստեփան Ադամյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղից: Սցենարի համաձայն պետք է մեկ աղջիկ ևս լիներ թիմի կազմում, այդ պատճառով տղաներին օգնեց և թիմը համալրեց Դիանա Մելքումյանը՝ Երևանից, ով արմատներով նույնպես Ջավախքից է։
Թիմի հումորային սցենարը գրել են նախագծի կազմակերպիչները: Սցենարը պատմում է ջավախեցիների կռվարար լինելու կարծրատիպերի մասին, որը տղաները ներկայացնում են հումորի միջոցով և վերջում կոտրում կարծրատիպերը՝ ցույց տալով ջավախեցու նաև լավ կողմերը: Մասնակիցները մեկ շաբաթ է ինչ Երևանում են և անցնում են տարբեր դժվարությունների միջով , որպեսզի լավ հանդես գան:
Այսօր՝ 27.09.2019 թ. վերջապես Ջավախքի Ախալքալաք անունը կրող թիմը ելույթ ունեցավ «Հումորի լիգա 3» – ում՝ ժյուրիի և հանդիսատեսի առջև։ Թիմը ելույթի ընթացքում կարողացավ ծիծաղի գագաթնակետին հասցնել դահլիճի հանդիսատեսին, իսկ ժյուրին հավանեց տղաների խաղը։
Շանթ հեռուստաընկերության հեղինակային իրավունքները չխախտելու համար չենք նշում ամենակարևորը. արդյո ՞ք մեր մասնակիցները անցան հաջորդ փուլ, թե՞ ոչ։ Այս մասին դուք կիմանաք շաբաթներ անց, դիտելով «Հումորի լիգա» նախագիծը՝ Շանթի եթերով։
Նշենք նաև, որ Ջավախքին աջակցություն հիմնադրամի ողջ անձնակազմը միշտ եղել է տղաների կողքին , աջակցել և օգնել, ինչպես նաև «Հումորի լիգայի» ստեղծագործական խումբը , ովքեր իրենց խորհուրդներով նույնպես եղել են տղաների կողքին:
Ներկայացման ավարտից հետո իր «Ջավախք» երգով հանդես եկավ Ջավախքցի Ռուսլան Էլյազյանը: