Ոսկե աշունը եւ աշակերտների տաղանդը

Ոսկե աշունը եւ աշակերտների տաղանդը

Այսօր՝ 11.01.2019թ. Ժդանովականի հանրային դպրոցում կազմակերպված էր ցուցահանդես «Ոսկե աշուն» խորագրով՝ նվիրված աշնան վերջին ամսվա առաջին օրվանը՝ նոյեմբերի 1-ին։

Աշակերտները ցուցահանդեսին ներկայացնում էին փայտից, ճյուղերից, տերևներից, խաղողի և արոսենու պտուղներից, բրնձի հատիկներից, քարից պատրաստված բնական նմուշներ։

Դպրոցի միջանցք մուտք գործելիս բացվում էր մի գեղեցիկ աշնան տեսարան, կարծես թե Ջավախքի անտառներից մի կտոր աշուն տեղափոխվել էր դպրոց ու աշակերտներին հավաքել էր իր շուրջը՝ փոխանցելով երջանկություն ու եղանակին բնորոշ թախիծ։

Ցուցահանդեսը կազմակերպել էր Ժդանովականի հանրային դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Հայաստան Սիմոնյանը։ Նրան աջակցել էին աշակերտները, ուսուցիչները, ծնողները։

Ցուցահանդեսի նպատակն էր ցույց տալ երեխաների տաղանդը, աշխատանքը, պատկերացումները և ակտիվությունը դպրոցի շրջանակներում ու դրանից դուրս: Հայաստան Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր բոլոր երեխաներն էլ տաղանդավոր են, պարզապես պետք է ունենաս ճիշտ ռազմավարություն, որպեսզի կարողանաս նրանցից դուրս հանել դա և ցույց տալ, մեր ցուցահանդեսի դեպքում այդ տաղանդը բնության միջոցով ենք բացահայտում։ Կփորձենք ավելի հաճախ կազմակերպել ցուցահանդեսներ, միջոցառումներ տարբեր թեմաներով»։

Ցուցահանդեսին ներկայացված էր մոտ 50 նմուշ, բոլորը համարակալված։ Պետք է տեղի ունենար քվեարկություն դպրոցի բոլոր աշակերտների մասնակցությամբ, թե որն է ամենագեղեցիկը։ Շատ ձայներ հավաքած նմուշի հեղինակի համար սահմանված էր հատուկ մրցանակ, իսկ բոլոր մասնակիցները խրախուսանքի համար ստացան պատվոգրեր Հայաստան Սիմոնյանի կողմից։

Մանրամասները՝ ռեպորտաժում.