Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհի ասֆալտապատման առաջին շերտի աշխատանքները մոտենում են ավարտին

Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհի ասֆալտապատման առաջին շերտի աշխատանքները մոտենում են ավարտին

Նինոծմինդա – Օրլովկա մայրուղու ասֆալտապատման առաջին շերտի աշխատանքները մոտենում են ավարտին:

Անցնելով վերոնշյալ ճանապարհահատվածով` նկատեցինք, որ նոր ասֆալտապատ ճանապարհը, որը Օրլովկա գյուղի մոտակայքում միանում է հին ասֆալտին, սկսել է քանդվել:

Այդ եւ մնացած հարցերի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի վերականգնողական աշխատանքներն իրականացնող «Արալի» ճանապարհաշինարարական ընկերության փոխտնօրեն Օթար Տատիշվիլիի հետ, ով նշեց, որ ասֆալտապաման աշխատանքները ընթացքի մեջ են, առաջին շերտի աշխատանքների ավարտին մնացել է 1 կմ ճանապարհահատված, իսկ հուլիսի 1 -ից արդեն կսկսեն երկրորդ շերտի ասֆալտապատումը:

«Ինչ վերաբերվում է քանդված մասին, ես տեղում չեմ եղել եւ հստակ չեմ կարող ասել: Բայց կարծում եմ, որ մակերեսային ինչ-որ մաս կարող է քանդված լինել, որովհետեւ բոլոր մեքենաներին մենք չենք կարող կանգնեցնել, դրա համար էլ նոր ասֆալտը քանդվում է: Ես կուղարկեմ աշխատողներին այդ խնդիրը վերացնելու համար», – մեզ հետ զրույցում նշեց Օթար Տատիշվիլին:

Հիշեցնենք, որ նշված ճանապարհի ասֆալտապատման մրցույթը շահել է «Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը 4`627`900 լարիի դիմաց, իսկ ասֆալտապատման ավարտի ժամկետն է 2020 թվականի դեկտեմբեր ամիսը: Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի ասֆալտապատումը  սկսվել է այս տարվա մայիսի 22-ին: