Վրաստանում հասկի շունը փրկել է երեխային ամենաթունավոր օձից

Վրաստանում հասկի շունը փրկել է երեխային  ամենաթունավոր օձից

Հասկի ցեղատեսակի շունը Վրաստանում ամենաթունավոր օձի`գյուրզայի խայթոցից փրկել է 5 տարեկան երեխայի, բայց նա ինքն էլ լուրջ վնասվել է: Միջադեպը տեղի է ունեցել առողջարանային Տաբահմելա ավանում (Քվեմո Քարթլիի շրջան):

Շան հերոսության մասին տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանի՝ կենդանիների մոնիտորինգի գործակալության ղեկավար Վախթանգ Լոմջարիան:

«Պատկերացրեք Տաբահմելայի մի բակ, որտեղ ծնողները մտածում են, թե իրենց հնգամյա երեխան անվտանգ է շան հետ: Նրանք խաղում են, ուրախանում և հանկարծ շունը սկսում է բարձրաձայն հաչել: Նա կռվում է ինչ-որ մեկի հետ, և այդ մեկը Վրաստանում ամենավտանգավոր օձն է՝ գյուրզան, որը, ի զարմանս մեզ, որոշել էր «զբոսնել» հով քաղաքում: Ցավոք, օձը հասցրել էր խայթել շանը», – գրել է Լոմջարիան իր ֆեյսբուքյան էջում:

Նրա խոսքով՝ ընտանիքը շանը տարել է կլինիկա և, չնայած ծանր վիճակին, նրան փրկել են: