Covid անձնագիր ունեցողները ՀՀ մեկնելու համար լրացուցիչ թեստի կարիք չեն ունենա

Covid անձնագիր ունեցողները ՀՀ մեկնելու համար լրացուցիչ թեստի կարիք չեն ունենա

ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ։ Երեկ ՀՀ գործադիրը հավանություն տվեց այս որոշման նախագծին։ Այլ կերպ ասած՝ այն քաղաքացիները, ովքեր կունենան պատվաստումները հավաստող կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ բացասական թեստի կարիք չեն ունենա։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ կրկին զգուշացրեց՝ ինչ-որ պահի երկրները թույլ չեն տա չպատվաստված քաղաքացիների մուտքը իրենց տարածք. «Ասենք` օգոստոսից, սեպտեմբերից արդեն կարող են հայտնվել այդպիսի երկրներ: Ինչո՞ւ է սա կարևոր հիմա արձանագրել և անընդհատ իրազեկել մեր քաղաքացիներին, որովհետև պատվաստման գործընթացը չի իրականացվում մեկ ներարկումով: Պատվաստման գործընթացն իրականացվում է երկու ներարկումով, և սովորաբար կարող է ներարկումների միջև այդ ժամկետը տևել 2 ամիս»։

Պատվաստումների գործընթացը ներդնելուն զուգընթաց փորձ է արվում թեթևացնել կարանտինի մասին որոշման կետերը, ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, իսկ հաջորդ փոփոխությունը մինչև 1 տարեկան երեխաներին է վերաբերում. «Մինչև 1 տարեկան երեխաներին երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանել ենք, քանի որ եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև մեկ տարեկան երեխան այլոց հետ չի շփվում, և ևս բացասական կլինի նրա թեստի արդյունքը»։

Հայաստանը պետք է արագ համալրի կանաչ երկրների շարքը, նշեց վարչապետի պաշտոնակատարը` այս հարցում մեծապես կարևորելով պատվաստումների իրականացումը. «Պետք է արձանագրել, որ մեր զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս: Հիմա հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում, և զբոսաշրջային հոսքերն ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա»։

Այս պահին արդեն Հայաստանում պատվաստվել է 7000-ից ավելի քաղաքացի կամ բնակչության 0.24 տոկոսը։ Պատվաստումներն իրականացվում են անվճար՝ ցանկացած պոլիկլինիկայում, իսկ երեկվանից նաև մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղակայված շրջիկ կայաններում։ 18-54 տարեկան թիրախային խմբերն և խրոնիկ հիվանդություն ունեցողները պատվաստվում են ռուսական «Սպուտնիկ Վ»-ով, իսկ մյուս բոլոր քաղաքացիները՝ բրիտանաշվեդական «ԱստրաԶենեկա»-ով։ Մոտ օրերս արդեն հասանելի կլինի նաև չինական «Կորոնավակ»-ը։ Կառավարության անդամների մի մասն արդեն պատվաստվել է Հայաստանում հասանելի երկու վակցինաներով, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն, օրինակ «ԱստրաԶենեկա»-ով է պատվաստվել ու գոհ է։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին պատվաստվել, որովհետև դա է այն միջոցը, որով աշխարհը վերջնականապես ցտեսություն է ասելու այս հիվանդությանը, և հետևապես մենք մեր օրինակով նաև ցույց ենք տվել, որ դեռևս ողջ են քպատվաստվելուց հետո, և որևէ վտանգ չկա», – ասում է Ավինյանը։

Պատվաստումները խթանելու նպատակով, չի բացառվում, որ առաջիկայում թողարկվեն հատուկ տարբերանշաններ, որոնք կփակցվեն այն տաքսիների, սպասարկման ոլորտի օբյեկտների կամ հյուրանոցների վրա, որտեղ աշխատակիցները պատվաստված կլինեն։ Սա թույլ կտա զբոսաշրջիկներին առանց մտավախության օգտվել նրանց ծառայությունից։ Եթե պատվաստումներին զուգահեռ խստիվ պահպանվեն նաև հակահամաճարակային կանոնները, ապա այս համավարակի վերջը կերևա, նկատում է Փաշինյանը։