Վրաստանում ուսուցիչների աշխատավարձը աստիճանաբար կբարձրանա, և մինչև 2030 թվականը ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի 2,200 լարի (մոտ $ 700), – ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում կառավարության գործունեության տարեկան զեկույցով:
Վրաստանի դպրոցներում ուսուցիչները բաժանված են չորս կատեգորիաների. Առաջին մակարդակում պրակտիկ ուսուցիչներն են, երկրորդ մակարդակում ավագ ուսուցիչները, երրորդում առաջատար ուսուցիչները, իսկ չորրորդ մակարդակում՝ մենթորական ուսուցիչներն են: Կախված կարգավիճակից ուսուցիչների աշխատավարձերը տատանվում են 400-ից 1745 լարի (մոտավորապես $ 130-550):
«Մենք փուլ առ փուլ կբարձրացնենք ուսուցիչների աշխատավարձը, և մինչև 2030 թվականը, միջին ծանրաբեռնվածության պայմաններում, այն կկազմի 2,2 հազար լարի», – ասել է Ղարիբաշվիլին:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մինչև 2030 թվականը միջնակարգ կրթության բյուջեն կկազմի 2,2 միլիարդ լարի, բարձրագույն կրթությունը՝ 270 միլիոն լարի, արհեստագործական կրթությունը՝ 554 միլիոն լարի:
2019 թվականի սեպտեմբերից ավագ ուսուցչի, առաջատար ուսուցչի և ուսուցիչ-մենթորի կարգավիճակ ունեցող բոլոր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվել են 150 լարիով (մոտ 55 դոլար) և ավելին: Առաջիկա տարիներին աշխատավարձերը կշարունակեն բարձրանալ: Ըստ վարչության, մինչ 2022 թվականը Վրաստանում ուսուցիչների միջին աշխատավարձը կհասնի 1,5 հազար լարիի (մոտ 550 դոլար):
Ընթերցեք նաև՝