Չնայած Վրաստանի առողջապահության նախարարության կայքի վերագործարկմանը, COVID-19-ի դեմ պատվաստման համար գրանցվելը դեռ անհնար է:
Գերատեսչությունը դեռ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի արել: Պատվաստման հարցերով նախարարության «1522» թեժ գծից ասում են, որ կիբերհարձակման հետևանքները ամբողջությամբ չեն վերացվել, և մասնագետները շարունակում են աշխատել:
Հայտնի չէ, թե երբ կվերսկսվի գրանցման գործընթացը: Վրաստանի իշխանությունները պատրաստվում էին զանգվածային պատվաստումը սկսել հուլիսի 5-ին: Չի բացառվում, որ այդ ժամկետներն այժմ հետաձգվեն:
Վրաստանում պատվաստման առաջընթացի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարելի է ստանալ՝ զանգահարելով «1522» թեժ գծով, ամեն օր՝ ժամը 09:00-23:00:
Վրաստանի քաղաքացիների գրանցումը Sinopharm չինական պատվաստանյութով պատվաստման համար պետք է սկսվեր հուլիսի 3-ին, ժամը 12:00-ին, բայց դա տեղի չունեցավ, քանի որ Առողջապահության նախարարության կայքը սկսել էր չգործել: Գերատեսչությունից հայտնել էին, որ խնդրի պատճառը զանգվածային կիբերհարձակումն է:
Վրաստանի ՆԳՆ-ն փաստի առթիվ հետաքննությունը սկսել է երկու հոդվածներով՝ «համակարգչային տվյալների կամ համակարգերի ապօրինի օգտագործում» և «համակարգչային տվյալների կամ համակարգերի վրա հարձակում»: