Տերյանի մաշվող պատկերը, կամ «Իմ գերեզմանին դուք չըմոտենաք»

Տերյանի մաշվող պատկերը, կամ «Իմ գերեզմանին դուք չըմոտենաք»

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղ մտնելիս բացվող տեսարանը միանգամից հուշում է թե որտեղ ես գտնվում: Անցորդներին դիմավորում է սարի լանջին պատկերված մեծն բանաստեղծ Վահան Տերյանի դիմանկարը, որը չմշակվեու պատճառով արդեն չի երևում:

Նայում ես խոտերի մեջ մաշվող ու անտարբերության մատնված պատկերին ու այդ պատկերը ստիպում է հիշել գրողի հետևյալ բանաստեղծությունը.

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

NOR ռադիոն ֆեյսբուքյան էջում անցկացրել էր հարցում, որտեղ Գանձայի բնակիչ Մանե Դուրգարյանը մեկնաբանություն էր գրել, որպեսզի մենք լուսաբանեինք Գանձայի սարի լանջին պատկերված Վահան Տերյանի դիմանկարի անմխիթար վիճակի մասին:

NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին Գանձա գյուղ, որտեղ զրուցեցին բնակիչների հետ վերոնշյալ հարցի շուրջ:

Արտավազդ Դուրգարյանը նշեց. «1985 թվականին մեր սիրելի Համո Գրիգորյանի միջնորդությամբ Վահան Տերյանի դիմանկարը պատկերվեց մեր սարի լանջին: Սակայն հիմա չմշակելու պատճառով նկարը համարյա թե չի երեւում»:

Գանձայի բնակիչ Տիկին Զոյաի խոսքերով՝ կամաց- կամաց նվազել է Տերյանի պոեզիայի օրվա առթիվ միջոցառումները, իսկ ինչ վերաբերվում է դիմանկարին այն հավասարվել է խոտին, նույնիսկ չի էլ երեւում: Շատ հաճելի կլիներ ղեկավարության կողմից ֆինանսական օգնություն նախատեսվեր թանգարանի վերանորոգման եւ դիմանկարը նորից վերականգնելու համար: Թոռս ասում է թե ուր է Տերյան պապիկի նկարը չկա սարի վրա: Եվ դա շատ ցավալի բան է մեզ համար:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Վահան Տերյանի դիմանկարը հավասարվել է խոտին նույնիսկ չի էլ երեւում. բնակիչ

NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի քաղաքապետարան ճշտելու համար նախատեսվում է արդյոք դիմանկարի վերականգման աշխատանքներ թե ոչ:

Մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լեւոն Վարդանյանը մեզ պատասխանեց. «Սարի լանջին պատկերված Վահան Տերյանի դիմանկարի վերանորոգումը մենք հիմնականում կատարում ենք Տերյանական օրվա նախօրեին: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2019 թվականին: Երկու տարի է ոչ մի աշխատանք չի կատարվել համավարակի պատճառով: Անշուշտ վերանորգումը տեղի կունենա, բայց ոչ այս տարի: Քանի որ այն իրենից ներկայացնում է մեծածավալ եւ մեծածախս աշխատանք, որը այս տարի չի նախատեսվում»: