Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Թոնի Ֆերգյուսոնի հետ

Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Թոնի Ֆերգյուսոնի հետ

Ռուսաստանը ներկայացնող ծնունդով Ջավախքից Արման Ծառուկյանը Լաս Վեգասում անցկացված UFC Fight Night 192 մրցաշարում Խրիստոս Գիագոսին հաղթելուց հետո ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել:

«Եթե նա հաղթի (խոսքը Դեն Հուքերի մասին է) իր մենամարտում, ապա ես կսպասեմ նրան, եթե ոչ, չեմ սպասի: Այդ դեպքում ես ավելի լավ է մենամարտեմ այլ մրցակցի հետ, քանի որ մեր քաշային կարգում շատ լավ մարտիկներ կան: Ես պատրաստ եմ մենամարտել թոփ-15-ի ներկայացուցիչների հետ: Արդեն ասել եմ, որ  կցանկանայի մենամարտել Թոնի Ֆերգյուսոնի հետ: Նա փորձառու է, 15 լավագույնների շարքում ամենատարեցն է, իսկ ես՝ ամենաերիտասարդը: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի ամենաերիտասարդի ու ամենատարեցի միջև մենամարտը: Ռուսաստանում շատերն են կարծում, որ Ֆերգյուսոնը կարող է հաղթել Հաբիբ Նուրմագոմեդովին: Ես այդ կարծիքին չեմ, բայց որոշակի ինտրիգ կա: Այնպես որ, ես կցանկանայի մենամարտել նրա հետ»,- ասել է Ծառուկյանը MMA Junkie յութուբյան ալիքի հետ հարցազրույցի ընթացքում:

«Մի՛ անհանգստացիր, Թոնի, ես տիրամիսու չեմ ուտում»,- գրել է Արման Ծառուկյանն իր ինստագրամյան էջում՝ դիմելով Թոնի Ֆերգյուսոնին: Ավելի վաղ ամերիկացին մի քանի անգամ ծաղրել է Հաբիբ Նուրմագոմեդովին՝ ակնարկելով, որ ռուս  մարտիկը տիրամիսու է սիրում:

Նշենք, որ Ծառուկյանն անցկացրած մենամարտերում տոնել է 17 հաղթանակ, կրել 2 պարտություն: shantnews.am