Սեպտեմբերի 2-ին NOR ռադիոկայանը հայտնել էր, որ Ժդանովական և Գորելովկա գյուղերում կտեղադրվեն արհեստական արգելակներ՝ մեքենաների արագությունը սահմանափակելու համար։ Գորելովկա գյուղում տեղադրվել են նախատեսված բոլոր արհեստական արգելակները, թվով՝ 4։
Խնդիրը Ժդանովականում է։
Բանն այն է, որ Ժդանովականում մեկ ամիս առաջ խոստացել էին տեղադրել երեքը, սակայն մինչև այսօր տեղադրվել է մեկը՝ գյուղի կենտրոնական խաչմերուկի մոտ։ Տվյալ հատվածում ապրող բնակիչները մեզ հայտնեցին իրենց բողոքը, նրանք ասում են, որ մեքենաները մեծ արագությամբ գալիս և բախվում են արհեստական արգելակին ինչն էլ մեծ աղմուկ է հանում և անգամ ցնցվում են տները։
«Եթե գյուղի մոտքի և ելքի մոտ տեղադրվեն խոստացված երկու արգելակները ևս, ապա մեքենաների արագությունը մինչ կենտրոնական արգելակին հասնելը թույլ կլինի և հետևաբար բախումը, աղմուկը, և ցնցումը ուժգին չի լինի», – ասում են բնակիչները։ Նրանք ասում են՝ կամ թող հանեն սա, կամ տեղադրեն մյուս երկուսը ևս։
Այս հարցի շուրջ մենք դիմեցինք գյուղապետ Մնացական Բաբաջանյանին, պարզելու համար թե ի՞նչու խոստացան ու չտեղադրեցին մյուս երկու արհեստական արգելակները, նա ասաց, որ երկու բետոնե արհեստական արգելակ իրենց խոսք են տվել, որպեսզի տեղադրվեն գյուղի մուտքի ու ելքի մոտ, մեքենաների արագությունը սահմանափակելու համար։ Մեր այն հարցին, թե երբ կտեղադրվեն, Մնացական Բաբաջանյանը ասաց.
«Կոնկրետ օր չեմ կարող նշել, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ, որ դա անպայման կատարեմ։ Մինչև ձյունը գալը դա հաստատ կարվի։ Բացի այդ կտեղադրվեն զգուշացնող նշաններ, որ ձմռանը ճանապարհները մաքրելու ժամանակ ձյուն մաքրող տեխնիկան չպոկի արգելակները»։
Թե ինչ լուծում կստանա այս խնդիրը NOR ռադիոկայանը կհետևի իրադարձությունների զարգացմանը և կհայտնի հետագա նյութերում։