Անհետացող կենդանիներ

Անհետացող կենդանիներ

Հայաստանում բնակվում է ողնաշարավոր կենդանիների մոտ 523 տեսակ, որոնցից 153-ը գրանցված են «Կարմիր գրքում»։

Ուսումնասիրելով Հայաստանի «Կարմիր գիրքը»՝ PanARMENIAN.Net ը ներկայացնում է անհետացման եզրին գտնվող ողնաշարավորների հինգ տեսակ։

Ամառային բախտակ (Salmo ischchan aestivalis)

Կարգավիճակը․ Սևանի իշխանի անհետացող, տեղային տարածվածություն ունեցող էնդեմիկ ենթատեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Մինչև XX դարի 70-ական թթ․ կեսերը բազմաքանակ, արդյունագործական նշանակություն ունեցող ենթատեսակ էր, որի տարեկան որսը կազմում էր 100 տոննա: 2004–2006 թթ․ բազմացման, միգրացիաների ժամանակ բռնվել է մոտ 20 առանձնյակ: Անհետացման եզրին հայտնվելու հիմնական գործոններն են ձվադրման գետերի ծանծաղացումը, ջրի օգտագործումը և աղտոտումը, ինչպես նաև լճային ձվադրավայրերի չորացումը և որսագողությունը:

Փոքրասիական տրիտոն (Ommatotriton vittatus)

Կարգավիճակը․Տեղային ռելիկտային պոպուլյացիաներ Հայաստանի հյուսիսում: Տեսակը գրանցված է նախկին ԽՍՀՄ, ժամանակակից Ռուսաստանի և Վրաստանի Կարմիր գրքերում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Հանդիպում է երեք փոքր լճակներում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 900–1200 մ բարձրության վրա՝ Ախթալա, Օձուն և Դսեղ գյուղերի շրջակայքում: Թվաքանակը բնության մեջ կազմում է 1500–1800 առանձնյակ: Թվաքանակի վրա բացասականորեն են ազդում անտառահատումները, մանր ջրավազանների ոչնչացումը, անասունների գերարածեցումը: Պոպուլյացիայի համար լուրջ վտանգ է ներկայացնում զանգվածային ապօրինի որսը` տրիտոններին տերարիումների սիրահարներին վաճառելու նպատակով:

Պարսկական պսևդոցիկլոֆիս (Pseudocyclophis persicus)

Կարգավիճակը․ Լորտուների ընտանիքի նեղ արեալային, սակավաթիվ ենթատեսակ է: Ոչ մեծ, բարակ օձ է, մինչև 370 մմ մարմնի երկարությամբ ու մոտ 4-5 անգամ ավելի կարճ պոչով։ Տեսակի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական, միակ նմուշը հայտնաբերվել է Մեղրու շրջանի Ագարակ քաղաքից 5 կմ դեպի արևմուտք: Բնության մեջ հանդիպում է խիստ հազվադեպ: Անհետացման հիմնական պատճառն է բնորոշ ապրելավայրերի յուրացումը:

Կարմիր ցին (Milvus milvus)

Կարգավիճակը․ Հայաստանի համար անհետացող տեսակ։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես «վտանգված»։ Հայաստանի սահմաններում բնադրման դեպքեր հավաստիորեն հայտնաբերված չեն: Հավանաբար, բնադրում է հանրապետության հյուսիսարևելյան մասում` Ղարաբաղի բարձրավանդակի մնացորդային անտառներում: Կարմիր ցինի մեկ առանձնյակ բռնվել է չուի ժամանակ Երևանի շրջակայքում 1949 թ. մայիսի 11-ին: Գիշատիչը հազվագյուտ է ողջ աշխարհում, ընդհանուր թվաքանակը գնահատվում է 17-ից 28 հազար առանձնյակ։

Առաջավորասիական հովազ (Panthera pardus ciscaucasica)

Կարգավիճակը․Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակի վիճակը գնահատվում է որպես կրիտիկական։ Հովազի այս ենթատեսակի ընդհանուր թվաքանակը գնահատվում է 870-ից 1300 առանձնյակ։ Առաջավորասիական հովազն իր տեսակի ամենախոշորգիշատիչներից մեկն է։ Մարմնի երկարությունը կազմում է 126-ից 171, մինչև 183 սմ, պոչի երկարությունը՝ 94-ից 116 սմ։ Ուսերի բարձրությունը կարող է հասնել 76 սմ-ի, զանգվածը՝ 70 կգ։ Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10–15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 քկմ, իսկ բնակեցման տարածքը՝ 2856,8 քկմ: Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում և Նռնաձոր գյուղից դեպի հյուսիս գտնվող տեղամասում: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է միջանցքների գործառնությունից: Անհետացման եզրին հասնելու պատճառները՝ արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է: