Նոյեմբերի 4-ից ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել Թբիլիսիում հասարակական տրանսպորտի աշխատանքը, այս մասին Sputnik Georgia- ին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, պարզ չէ, թե ով և ինչ նպատակով է կեղծ տեղեկություններ տարածում և թյուրիմացության մեջ գցում Թբիլիսիի բնակիչներին։
«Նման որոշում պետք է ընդունի Համակարգող խորհուրդը, այս մասին դեռ քննարկում չի եղել, հանդիպում էլ չի եղել, պարզ չէ, թե ով և ինչու է այդ լուրերը տարածում»,- ասել են մամուլի ծառայությունից։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հերքել է նաև այն տեղեկությունը, որ քաղաքապետարանի հիմնարկների աշխատակիցները նախապես զգուշացվել են հեռավար աշխատանքի անցնելու և տրանսպորտը դադարեցնելու մասին։
Տեղեկությունն այն մասին, որ Թբիլիսիի մունիցիպալ տրանսպորտը առաջիկա շաբաթից կդադարի աշխատել, հայտնվել է սոցիալական ցանցերում նախօրեին և ակտիվորեն քննարկվում է օգտատերերի կողմից։