Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանը բացասաբար է վերաբերվում «3 + 3» բանակցային ձևաչափի ստեղծման գաղափարին, հայտնում է RIA Novosti-ն։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան՝ եկեք վեց հոգանոց համատեղ քայլ կատարենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «խաղաղության վերաբերյալ Հայաստանին արդեն առաջարկ է արել»։
«Վրաստանի կողմից որոշակի բացասական տրամադրություններ կան, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- հավելել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը կարծում է, որ նման հարթակի ստեղծումը կնպաստի Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների դրական զարգացմանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանի հետ՝ «3 + 3» նախաձեռնության ստեղծման շուրջ։ Լավրովի խոսքով՝ նոր ձևաչափը, ի թիվս այլ բաների, կաշխատի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ։
Հոկտեմբերի սկզբին Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին ասել էր, որ Թբիլիսիի համար դժվար կլինի մասնակցել «3 + 3» ձևաչափին Մոսկվայի հետ միասին, բայց հանրապետությունն այսպես թե այնպես պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական խոշոր նախագծերում։