Վրաստանը «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում կներկայացնի «Circus Mircus» երաժշտական խումբը: Այս մասին տեղեկությունը տարածում է Հանրային հեռարձակողը:
Ըստ տեղեկության, «Եվրատեսիլ» նախագծին այս տարի Վրաստանը յուրօրինակ ձևով է հանդես գալու, և խմբի մասնակիցների ինքնությունը կհայտարարվի հետզհետե:
Խմբի ներկայացուցիչը տեսաուղերձ է հրապարակել՝ խոսելով իրենց գործունեության մասին։
«Սա շարժում է, որը միավորում է տարբեր ոլորտների տասնյակ մասնագետների: Մեր նպատակն է ստեղծել նախկինում չլսված տեսա-լսողական ելույթ», — ասում է «Circus Mircus»-ի ներկայացուցիչը:
Ինչպես խմբի ներկայացուցիչն է հայտարարում, իրենց համար սահմանել են նոր «երաժշտական փիլիսոփայություն»՝ երաժշտությունն առանց շրջանակների:
Խումբը այս պահի դրությամբ թողարկել է 10 երաժշտական տեսահոլովակ։
Նշենք, նախորդ տարի՝ «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում Վրաստանը ներկայացրել է Թոռնիկե Կղիփիանին, ով չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։
Ինչ վերաբերում է այս տարվա մրցույթին, ապա այն կանցկացվի Իտալիայի Թուրին քաղաքում։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին։ Մրցույթին կմասնակցի 41 երկիր։ aliq.ge