ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններն ընթանալու են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Նախանշված հանդիպումը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի և եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա հետ։
Նշվում է նաև, որ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։ Նախատեսված են նաև Պուտինի և Ալիևի ու Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցները։