Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հանրությանը չեղարկել տոնակատարությունները՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի տարածման ֆոնին։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
«Չեղարկված միջոցառումն ավելի լավ է, քան դադարեցված կյանքը», – այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանո Գեբրեիսուսը: Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, անհրաժեշտ է «բարդ որոշումներ» ընդունել, ինչը որոշ դեպքերում նշանակում է միջոցառումների չեղարկում կամ հետաձգում։
«Մենք բոլորս հոգնել ենք այս համավարակից. Մենք բոլորս ցանկանում ենք ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ: Բոլորն էլ ցանկանում են վերադառնալ նորմալ կյանքի։ Դա անելու ամենաարագ ճանապարհը բոլորիս՝ ղեկավարների և անհատների համար, դժվար որոշումներ կայացնելն է, որոնք ընդունելի են մեզ և ուրիշներին պաշտպանելու համար: Որոշ դեպքերում դա նշանակում է միջոցառումների չեղարկում կամ հետաձգում: Ավելի լավ է չեղարկել հիմա և տոնել ավելի ուշ, քան նշել հիմա և սգալ ավելի ուշ», – ասել է Թեդրո Ադհանո Գեբրեիսուսը:
Նշենք, որ ԱՄՆ-ում գերիշխող է ճանաչվել կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների 73 տոկոսը ունեցել է Omicron շտամը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ Omicron տարբերակն ավելի արագ է տարածվում, քան Delta տարբերակը:
Նոր տարբերակի տարածման պատճառով որոշ երկրներ սահմանել են ճանապարհորդության և այլ սահմանափակումներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան։ Նիդեռլանդներում, սակայն, Սուրբ Ծննդի կապակցությամբ խիստ արգելափակում է հայտարարվել: Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում ամանորյա միջոցառումը չեղարկվել է։