Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է գրանցել 2021 թվականին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, տնտեսության արագ վերականգնումը թույլ տվեց կառավարությանը էապես բարելավել հիմնական հարկաբյուջետային պարամետրերը։
«Մասնավորապես. կառավարության պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվել է մինչև 50%, նախատեսված 60.1%-ի փոխարեն. համախմբված բյուջեի դեֆիցիտը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 6,1%-ը՝ սկզբնական ծրագրված 7,6%-ի փոխարեն։
Եվս մեկ անգամ ուզում եմ ամփոփել, որ 2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Անցյալ տարի, ինչպես գիտեք, երկրում տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, այդ թվում՝ ընտրություններ, բավականին լարված քաղաքական իրավիճակ էր։ Չնայած սրան՝ մենք ունեցանք շատ հաջող տնտեսական տարի, շնորհավորում եմ բոլորին այս նվաճման, հաջողության կապակցությամբ։ Այնուամենայնիվ, այս տարի մենք լիովին պատրաստ ենք տարին դարձնել էլ ավելի լավը, էլ ավելի հաջող։
Ինչպես գիտեք, առաջիկա երեք տարիներին երկրում ընտրություններ չեն լինելու, քաղաքական իրավիճակը զգալիորեն բարելավվել և կայունացել է։ Այժմ մենք պետք է աշխատենք և մտածենք միայն բիզնեսի մասին»,- ընդգծել է Ղարիբաշվիլին: